«Ակօս»-ը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության մասին ականատեսների վկայություններն ի մի բերած «Կապույտ գիրքն» ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան։
Գիրքը խորհրդարան էր ուղարկվել նաև 4 տարի առաջ, սակայն խորհրդարանի խոսնակի «խնդրանքով» այն խորհրդարանի շենքից ներս չէր մտցվել։
Մամուլի ասուլիսի ընթացքում թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն հիշեցրել է 4 տարի առաջ տեղի ունեցածը, երբ պատգամավորները գրքերը խորհրդարան չթողեցին մտցնեն: Սակայն 4 տարի առաջ տեղ չհասած գրքերն այսօր դարձյալ ուղարկվել են պատգամավորներին՝ սկսած խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքից և Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Էրթուղրուլ Քյուրքչուից։
Լոնդոնում գործող Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն էլ ներկայացրել է գիրքը՝ հիշեցնելով, որ այն հրատարակվել է 1916թ.-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից՝ ականատեսների վկայությունների հիման վրա։
Սարաֆյանը շեշտել է, որ Թուրքիայի Ազգային ժողովն այժմ էլ փորձում է Հայոց ցեղասպանությունը ժխտել։