Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին և Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին: Փետրվարի 24-ի առավոտյան Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի կողմից:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, այդ օրերին Վիեննայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը և Խաչիկ Հարությունյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ելույթներով հանդես են եկել Արման Կիրակոսյանը, Արտաշես Գեղամյանը, ավստրիացի գրող, թարգմանիչ, արցախյան շարժման ականատես Հերբերտ Մաուրերը, համայնքի վարչության անդամ Համբարձում Հարթունյանը, երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև ավստրիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է1988-ի սումգայիթյան ջարդերին և գերմանական ու ավստրիական մամուլում այդ իրադարձությունների արձագանքներին նվիրված լուսանկարչական և փաստագրական վավերագրերի ցուցահանդես: Երաժշտական մասի շրջանակներում հնչել են Ավստրիայի և Հայաստանի պետական օրհներգները, կատարվել են հայ երգահանների ստեղծագործությունները` դաշնամուրի և կլարինետի համար: Ցուցադրվել են հատվածներ սումգայիթյան ջարդերին նվիրված ֆիլմաշարից:
Միջոցառման ավարտին ավստրիահայ կազմակերպությունների հարյուրի չափ ներկայացուցիչներ լռության երթով քայլել են դեպի Վիեննայի կենտրոնական հրապարակ` Շտեֆանսպլաց, ուր բազմաթիվ պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով, հայրենասիրական երգերի կատարմամբ բողոքի ցույց է իրականացվել, անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանվել են սումգայիթյան ջարդերին նվիրված տեղեկատվական նյութեր: