Սափրագլուխները Լեհաստանում հարձակվել են հայազգի երիտասարդի վրա

22

Լեհաստանի արեւելյան ամենամեծ քաղաքում` Բելիստոկում, հայազգի երիտասարդը նեոնացիստների հարձակման զոհ է դարձել եւ այժմ գտնվում է օրհասական վիճակում։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` մեջբերելով տեղի լրատվամիջոոցներին, դեպքը տեղի է ունեցել անցած կիրակի, շուրջ երկու տասնյակ սափրագլուխներ ոչ միայն դաժան ծեծի են ենթարկել 21-ամյա Օգսեն Ս.-ին, այլեւ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել, վնասել երիտասարդի երակներն ու մկանները, ինչի արդյունքում վերջինս մեծ քանակությամբ արյուն է կորցրել։

«Բժիշկները հիմա ամեն ինչ անում են` երիտասարդի կյանքը փրկելու համար», «Հուսով ենք` Օգսենը կապրի», – գրում են տեղական թերթերը։

Միջադեպի մանրամասները պարզելու համար «Կուրիեր պորաննի» թերթը զրուցել է ականատեսների հետ։ Վերջիններս պատմել են, որ դեպքի օրը շուրջ երկու տասնյակ դիմակավորված անձինք ներխուժել են քաղաքի գիշերային ակումբներից մեկը ու բացահայտ որոնել հայազգի երիտասարդին։ «Նրանք շատ վստահ էին իրենց գործողություններում, եւ տպավորություն էր` կարծես եկել են կոնկրետ մարդու ետեւից, թերեւս վրեժ էին լուծում», – թերթին պատմել է ակումբի մենեջեր Կատերին Հանուց-Օլեկսին։

Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ սա հայազգի երիտասարդի նկատմամբ սափրագլուխների իրականացրած արդեն երկրորդ հարձակումն է։ Առաջինը տեղի էր ունեցել անցած տարի` ապրիլին. դանակներով զինված մի քանի երիտասարդներ օրը ցերեկով դարանակալել էին Օգսենին, նրա ընկերուհուն ու ընկերոջը, վիրավորական արտահայտություններ ու ռասիստական կոչեր հնչեցրել։ Ծեծկռտուքի ժամանակ, սակայն, Օգսենին ու նրա ընկերոջը հաջողվել է հակահարված տալ, սափրագլուխներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ամիսներ շարունակված քննությունից հետո դատարանը անցած շաբաթ այս միջադեպի համար Օգսենին երկու տարվա ազատազրկման է դատապարտել։ «Դատարանի պատիժը, սակայն, կարծես թե սափրագլուխներին չէր բավարարել, նրանք որոշել էին իրե՛նց վենդետան իրականացնել», – գրում է տեղի լեհ բլոգերներից մեկը։

Վերջին միջադեպի ականատեսները պատմել են, որ Օգսենի նկատմամբ հարձակմանը մասնակցել են ոչ միայն երիտասարդ սքինհեդներ, այլեւ քաղաքի նացիստական խմբավորումներից մեկի ղեկավարը։