Թուրքական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ այդ երկրի կազմում գտնվող Բաթման նահանգի Սասուն շրջանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ավերվել է. եկեղեցու ճակատամասը և առաստաղը զգալիորեն վնասվել է, մի մասն էլ` փլուզվել:
Լրատվամիջոցները նշում են, որ «Սասունի հայերի միություն»-ը մեղադրական հայց է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն:
Տեղեկատվության համաձայն, միության նախագահ Ազիզ Դաղջըն նշել է, որ եկեղեցու շինությունը վնասվել է անհայտ անձանց կողմից: Դեռ հուլիսի 29-ին էր, երբ թուրքահայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել և նշում էին եկեղեցու օրը: Դրանից օրեր անց հովիվներից լուր են բերում, թե եկեղեցու շենքը վնասվել է:
Միությունը թուրք իրավապահներից պահանջում է հայտնաբերել հանցագործներին և հսկողության տակ առնել պատմական եկեղեցու տարածքն ու շինությունը: