Մենք համաշխարհային ազգ ենք

33

Գերմանիայում բնակվող հայ համայնքի, նրանց խնդիրների, հուզող հարցերի մասին «Ազատ Ձայն» լրատվականի հետ խոսում է Գերմանահայոց կոնտրոնական խորհրդի նախագահ, Բոխումի համալսարանի դասախոս, պատմաբան Ազատ Օրդուխանյանը:

Պրն. Օրդուխանյան, գերմանահայերը ի՞նչ թիվ են կազմում այդ երկրում:

Ա. Օ. Ինչպես աշխահրի ցանկացած հայկական համայնքում, այնպես էլ այստեղ` Գերմանիայում, հայկական կառույցների ղեկավարությանը դժվար է հայերի թվի մասին կոնկրետ տվյալներ փոխանցել: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) մոտավոր հաշվարկներով քրիստոնյա հայերի թիվը կազմում է մոտ 65.000: Գերմանիայում ապրում են նաև Թուրքիայի Հանրապետությունից, արաբական աշխարհից այստեղ արտագաղթած տասնյակ հազարավոր իսլամ դավանող հայեր, որոնց թվի մասին մենք մոտավոր տվյալներ էլ չունենք, քանզի այս երևույթի ուսումնասիրումը դեռևս չի սկսվել:

Ի՞նչ խնդիրներ կան համայնքում:
Գերմանահայ համայնքը, բաղկացած 40-ից ավելի քաղաքային համայնքներից, ամենատարբեր բնույթի կազմակերպություններից ու միություններից, գտնվում է ակտիվ զարգացման, մշտապես փոփոխման ու վերակազմավորման ընթացքի մեջ: Փակվում են որոշ կառույցներ, բացվում նորերը: Այսինքն` որպես մշտապես զարգացող օրգանիզմ, այն բնականորեն պիտի ունենա նաև խնդիրներ: Խնդիրներն այստեղ ես կբաժանեի ներքինի ու արտաքինի: Ամենամեծ խնդիրներից է հայերի ցվրված, երկրով մեկ լայն տարածումով բնորոշվող տեղաբաշխումը: Չկան ինչպես Իրանին, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, այնպես էլ Լիբանանին, Սիրիային և բազմաթիվ այլ երկրներին հատուկ համախումբ հայկական համայնքներ: Գերմանահայ համայնքին մեկ այլ բավականին բնորոշ հատկանիշ: Հայերն այստեղ բազմաշերտ են, որը դժվարացնում է հայկական համայնքային կազմակերպիչների գործը: Եթե Իրանում ապրում են հիմնականում միաշերտ իրանահայեր, Ռուսաստանում ռուսահայեր և վերջին տասնամյակներում Հայաստանի Հանրապետությունից ընտանիքներով կամ անհատապես արտագաղթած հայեր, կամ Լիբանանում հիմնականում լիբանանահայեր են, ապա Գերմանիայում մենք ունենք գերմանահայեր, Թուրքիայի Հանրապետությունից արտագաղթած մեծ թվով ընտանիքներ, իրանահայեր, լիբանանահայեր, սիրեահայեր, իրաքահայեր, Հայաստանից արտագաղթած հայեր, ռուսահայեր, բուլղարահայեր և այլն:
Մեզ համար այս աշխարհագրությամբ ու լեզվամտածողությամբ բնորոշվող հայկական համայնքը կազմակերպելը բավականին խնդրահարույց է, չնայած որ այդ բազմազանությունը լավ կազմակերպվածության պարագայում մեծ հարստություն կարելի է համարել, որը աշխարհի շատ հայկական համայնքներ չունեն:

Գերմանիայում այսօր թուրքական համայնքը մեծ թիվ է կազմում, ի՞նչ հարաբերություններ ունեն հայերի հետ նրանք:

Ա. Օ. Այո, թուրքական համայնքը և թվապես է մեծ և տնտեսապես հարուստ և թե քաղաքականապես հզոր: Անհամեմատ փոքր հայկական համայնքը պետք է այս առումով մեծ դժվարություններ դիմակայի: Հարաբերությունները տարբեր հարթությունների վրա տարբեր են: Թուրքական համայնքի մեծամասնությունը հակահայ կեցվածք ունի, գործում է հակահայ գաղափարախոսությամբ ու տրամադրությամբ: Ռադիկալ ու ֆանատ թուրքերը առիթը բաց չեն թողում հակահայ ցույցեր կազմակերպելու, հայկական ծրագրերն ու միջոցառումները խանգարելու ու առհասարակ որևէ ձևով հայերին վնասելու համար: Կան սակայն թուրք մտավորականներ ու պարզ թուրքեր, որոնք չեզոք կամ դրական մոտեցումներ են ցույց տալիս մեր դատին ու ձգտումներին, տարբեր առիթներով համագործակցում մեզ հետ: Նրանցից կառանձնացնեի պատմաբան, պրոֆ. դր. Ֆիկրետ Ադաներին (Բոխում), գրող, հրապարակախոս Դողան Աքանլիին (Քյոլն), գրող Քեմալ Յալչինին (Բոխում), հասարակական-քաղաքական գործիչ Ալի Էրթեմին (Մայնի Ֆրանկֆուրտ) և այլոց:

Այսօր հայերն այդ երկրում արդյոք կարողանո՞ւմ են հայ մնալ, կարողանո՞ւմ են հայեցի մեծանալ ու դաստիարակվել:

Ա. Օ. Այստեղ նույնպես պատկերը շատ տարբեր է: Այն քաղաքներում, որտեղ մի քանի հարյուր կամ հազար հայեր են ապրում, հիմնականում գործում են հայկական համայնքներ, որոնք, որպես կանոն, ունեն հայկական ինքնությունը պահպանող ու զարգացնող ենթակառույցներ` մեկօրյա հայկական դասաժամեր, թատրոնի, երգի կամ պարի խմբակներ և այլն: Բացի այդ, այդ քաղաքներում հայկական որոշակի մթնոլորտը ընտանեկան ու ընկերային առումով ավելի է նպաստում հայապահպանության ու հայազարգացման գործին: Տասնյակ-հազարավոր հայեր, սակայն, ապրում են մեծ ու փոքր այնպիսի բնակավայրերում ու քաղաքներում, որտեղ ընդամենը մի քանի հայ ընտանիքներ են ապրում: Այդ վայրերում ձուլումը շատ ավելի արագ է ընթանում ու հայկական համայնքները չեն կարողանում շատ բանով պատնեշ լինել հայակործան ձուլման ընթացքին: Այնուամենայնիվ հայկական համայնքները գնում են բազմաթիվ ավանդական ու ոչ ավանդական քայլերի, մշակում ամենատարբեր բնույթի ծրագրեր, որպեսզի կարողանան հայկական սփյուռքի կյանքը երկարացնել ու հայկական ինքնության շարունակությունն ապահովել:

Իսկ Գերմանիայում որևէ քայլ ձեռնարկվո՞ւմ է Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված:

Ա. Օ. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքները Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Գերմանա-հայկական ընկերության, հայկական մյուս շատ կազմակերպությունների գործունեության հիմնական բնագավառներն են: Գերմանիայի Բունդեսթագը 2005թ. հունիսին պաշտոնապես ընդունել է հարցը և Թուրքիային կոչ արել հաշտվել իր պատմության հետ, լուցել խնդրի հետ կապված շատ հետևանքներ: Բունդեսթագը իր հռչակագրում միայն չի գործածել ցեղասպանություն բառը, որին, կարծում եմ, հետագա պայքարի շնորհիվ, կարելի է հասնել: Այդ աշխատանքները իրականացվում են մեր կառույցների կողմից, այն ընթանում է ամենատարբեր մակարդակներով:

Թուրքերի մեծ քանակությունը արդյո՞ք խանգարում է այդ խնդրի վերհանմանը:

Ա. Օ. Այո, թուրքերը ամեն տեղ, ամեն քաղաքական, տնտեսական, մշակութային հարթության վրա պայքարում են հարցի զարգացման դեմ, ծախսում հսկայական գումարներ հակահայ քարոզչության ու ծրագրերի վրա: Նրանք պատգամավորական ու իշխանական աթոռներ են գրավել Բունդեսթագում, երկրամասային պառլամենտներում, կենտրոնական ու երկրամասային իշխանություններում ու իրենց դիրքերից, պետական հնարավորություններով կարողանում են դիմադրել արդարության ընդունմանն ու հաղթանակին: Գերմանահայ համայնքին դա տեսանելի է, մեզ դա հայտնի է, որը հաշվի ենք առնում մեր պայքարում:

Գերմանիայի կառավարությունում կամ խորհրդարանում կա՞ն հայ ներկայացուցիչներ:

Ա. Օ. Ցավոք, ի տարբերություն թուրքերի, գերմանական կառավարությունում, Բունդեսթագում կամ երկրամասային իշխանություններում դեռևս հայեր չկան: Վստահ եմ, սակայն, որ մոտ ապագայում կլինեն:

Գիտեմ, որ այդտեղ շատ քիչ են հայկական եկեղեցիները, մի՞թե հայ համայնքը չի զգում հայ եկեղեցու և նրա հոգևոր սպասավորի կարքը, հայեցի աղոթքները:

Ա. Օ. Գերմանիայում հայերն ունեն երկու եկեղեցի` Գյոփինգենում և Հալլեում, Քյոլնում գործում է նաև մոտ 100 տարով վարձած առաջնորդանիստ Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցին, միշտ 6-ից 8 հոգևորականներ արդեն տարիներ շարունակ իրենց հոգևոր ծառայությունն են մատուցում մեր ժողովրդին: Ճիշտ է, կարիքն ավելի մեծ է, բայց մեր հոգևոր հայրերն հիմնականում հասցնում են մատուցել եկեղեցական ծառայություններ:

Հայկական գրքեր, գրականություն կա՞ արդյոք այնտեղ:

Ա. Օ. Հայկական համայնքներում կան փոքրիկ հավաքածուներ: Գերմանական համալսարաններից շատերում կան հայկական գրականության տարբեր չափերի ֆոնդեր: Հատկապես հայտնի են Հալլեի, Մյունխենի, Բեռլինի, Թյուբինգենի, Յենայի, Քյոլնի, Բոնի, Բոխումի և մի քանի այլ համալսարանների հայկական թեմատիկայով գրականության ֆոնդերը: Գնալով մեծանում է Պոտսդամում գործուղ «Լեփսիուսի տուն» գիտահետազոտական կենտրոնի հայկական գրադարանը: Այս օրերին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը իրականացնում է մի մեծ գիտամշակութային ծրագիր, որի արդյունքում Բեռլինում շուտով կհիմնվի Հայկական գրադարանն ու արխիվը, որի հիմնադիր ֆոնդը հավաքել է «Հայ ակադեմիականների միություն 1860» ուսումնա-մշակութային կազմակերպությունը: Այս միությունն է հղացել այդ միտքը ու տարիներ շարունակ մշակել այն իրականացնելու ծրագիրը: Այժմ ԳԿԽ-ն այն իրականացնում է և հուսով ենք հաջորդ տարի այս մեծ կենտրոնը կբացի իր դռները:

Համայնքը հայերեն խոսո՞ւմ է, թե այլևս մոռացել է հայերենը:

Ա. Օ. Գերմանահայ տարբեր համայնքներում լեզուն տարբեր է: Բնական է, որ կան տասնյակ հազարավոր հայախոս հայեր, բայց կան նույնպես տասնյակ հազարավոր հայեր, որոնք ճակատագրի բերումով չեն տիրապետում մայրենիին: Հայկական համայնքների մեկօրյա հայերենի դասաժամերը փորձում են հնարավորինս լրացնել այդ բացը: Դյուսելդորֆում և Կարլսրուհեում համապատասխանաբար գործում են գերմանական ժողովրդական բարձրագույն դպրոցի շրջանակներում կազմակերպվող արևելյան և արևմտյան հայերենի դասաժամեր: Բամբերգի համալսարանում Արմինե Պողոսյանը հայերենի դասաժամեր ունի իրանագիտության բաժնին կից: Տասնամյակներ շարունակ Բեռլինի Ազատ համալսարանում հայերեն է ուսուցանում դր. Ժիրայր Քոչարյանը: Թյուբինգենի, Մյունխենի և մի քանի այլ համալսարանում ժամանակ առ ժամանակ հայերեն են դասավանդվում: Այս վերջին ծրագրերին ընդգրկվել են նաև գերմանացիներ և այլ օտարներ, որոնք ուսումնասիրում են մեր լեզուն: Բայց այս բոլորը բավարար չեն հայ երեխաներին հայերեն սովորելու հնարավորություններ տալու գործում: Հայկական համայնքների ղեկավարները Գերմանիայում մշտապես նոր ուղիներ են փնտրում այս հարցում վիճակը բարելավելու ուղղությամբ:

Որպես հայ մեծ ներդրում եք ունենում համայնքի կյանքում, տեղյակ եմ, որ միշտ միջոցառումներ եք կազմակերպում հայ համայնքի մասնակցությամբ, ի՞նչն է ձեզ պահում այդտեղ, ինչպե՞ս եք կարոտը հաղթահարում:

Ա. Օ. Մենք այստեղ ունենք մեր 65-70 հազարանոց Հայաստանը, որը կարիք ունի աշխատողների, համայնքների, միությունների: Հայ լինել ինձ նամար նվիրումի հարց է, այլ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ապրելու: Ներկա Հայաստանի Հանրապետությունում ապրում է հայ ժողովրդի 25 տոկոսից ոչ ավելին: Մենք համաշխարհային ազգ ենք, մենք դեռ մեծ իղձեր ու ծրագրեր ունեն, գերության մեջ Արևմտյան Հայաստան ունենք, որը մեզ է կանչում: Իսկ Արևմտյան Հայաստանին օգնության ձեռք մեկնելու ճանապարհը միշտ չէ, որ Հայաստանի Հանրապետության միջով է անցնում: Իսկ կարոտի մասին կասեմ հետևյալը` ես Երևանին այսօր ավելի քիչ եմ կարոտում, քան իմ հայրենի Կողբ գյուղին Սուրմալուի գավառում, քան Վանա լճին, քան Սասունին և մեր մյուս բռնագրավված քաղաքներին:

Տեղյա՞կ եք Հայաստանի քաղաքական անցուդարձին:

Ա. Օ. Այո: Հայաստանի Հանրապետության քաղաքական, մշակութային, տնտեսական և կյանքի մյուս բնագավառների իրավիճակին ու արդի զարգացումներին ուշադրությամբ հետևում եմ: Իմ հայրենիքի մի մասի` Հայաստանի Հանրապետության հետ կապված ցանկացած փոփոխություն, առաջընթաց կամ դժվարություն համարում եմ իմը: Ուզում եմ, բայց նաև պարտավոր եմ հետևել: Այն անհրաժեշտ է նաև այստեղ որոշ աշխատանքներ ավելի ճիշտ կազմակերպելու համար:

Հայաստանից ժամանած բարձր պաշտոնյաներին դուք գրեթե միշտ հանդիպում եք, ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ-որ ձևով նրանց այցերը նպաստում են համայնքի կյանքի վրա:

Ա. Օ. Հայաստանի Հանրապետությունից ժամանող պաշտոնյանիերի մի մասի հետ առիթներ լինում են հանդիպելու, մեծ մասի հետ` ոչ: Ոչ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են ցանկանում գոնե մեկ կամ երկու ժամ համայնքի հետ հանդիպելուն ժամանակ տրամադրել: Նրանք, ովքեր ցանկանում են հանդիպել, հանդիպում ենք: Ընդհանուր առմամբ, նրանց այցերը հայ համայնքի կյանքի վրա ազդեցություններ չեն թողնում: Կան իհարկե բացառություններ, երբ այս կամ այն նախարարի կամ այլ պաշտոնիայի հետ հանդիպումը ոգևորիչ զգացումներ են ներշչում մեր համայնքային աշխատողներին կամ սփյուռքում ապրողներիս, բայց դրանք հաճախ չեն ու շարունական չեն լինում: Դրանցից համագործակցության ծրագրեր համարյա չեն ծնվում:

Եղե՞լ են դեպքեր, որ մեր երկրից ժամանած պաշտոնյայի կամ երկրի ղեկավարի վարած քաղաքականությունից տուժի գերմանահայոց համայնքը:

Ա. Օ. Հարցը շատ զգայուն է, երկար ու համոզիչ փաստարկներ պահանջող: Այս մասին կարելի է առանձին հարցազրույց պատրաստել: Եթե մեկ խոսքով ասելու լինեմ, կասեմ, այո, եղել է:

Կա ի՞նչ-որ բան, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է մեր համայնքի համար անել, բայց չի անում:

Ա.Օ. Ոչ միայն ինչ-որ բան, այլ շատ բաներ կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը մեր համայնքների համար անել, որը, ցավոք, չի արվում: Օրինակ` ՀՀ ղեկավար մարմիններում կարող են մեր համայնքային մասնագետների հետ համատեղ քննարկումներ կազմակերպել, ամենատարբեր բնագավառների նախագծեր մշակել, համատեղ առևտրատնտեսական, գիտական, մշակութային գործունեության ծրագրեր իրականացնել: Բայց, կարցում եմ, ՀՀ ղեկավարության մեծամասնությունը դեռ չի հասցրել ճանաչել ու հասկանալ սփյուռք երևույթը, որի պատճառով վերոհիշյալ ուղղությամբ բացակայում են լուրջ գործերը:

Իսկ «Սփյուռք» բառին ինչպե՞ս եք վերաբերվում:

Ա.Օ. Սփյուռք բառին վերաբերվում եմ ամենատարբեր զգացումներով: Այն այսօր իմ տունն է, իմ իրավիճակը, իմ ներկան, իմ երբեմն շատ նեղ, հաճախ, սակայն, շատ լայն գործունեության դաշտը, իմ ժողովրդի մեծամասնությունը, իմ փխրուն ու ավազե գետինը, որի վրա ամեն օր քայլում ու գործում եմ, իմ հնարավորությունը, իմ ժամանակավոր կացարանը: