Հայկական ժայռապատկերները կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

13

Հայկական ժայռապատկերները կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Հասմիկ Պողոսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև պրոֆեսոր Հարալդ Մելլերը:

Վերջինս ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ տնօրեն Պավել Ավետիսյանի հետ ղեկավարում են Ջերմուկում և Սիսիանում 2011-ից մեկնարկած հայկական ժայռապատկերների հետազոտության հայ-գերմանական համատեղ ծրագիրը: Նախատեսված է ստեղծել հայկական ժայռապատկերների ինտերնետային տվյալների բազա, ինչը կօժանդակի նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը: 2012 թ. օգոստոսին փոքր քառաթիռ /կվադրոկոպտեր/ սարքի միջոցով կատարվել են օդային նկարահանումներ: Պրոֆեսոր Հարալդ Մելլերը հանդիպման ժամանակ դրանք ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի ուշադրությանը` հիշեցնելով, որ գործ ունեն ՀՀ մշակութային ժառանգության անգնահատելի արժեքների՝ հնագույն ժայռապատկերների հետ: