Կարսի մշակույթի ու արվեստի միության նախագահ Վեդաթ Աքչայոզը հայտարարել է, որ Անիի ավերակները զբոսաշրջիկներին ներկայացնելու համար պետք է օգտվել «Հազար ու մի գիշերների» հեքիաթներից, տեղեկացնում է Haberler կայքը:
«Մին օրս զբոսաշրջիկներին չենք ներկայացրել, որ Անիի ավերակներում առկա են գետնափոր գրադարաններ, լեգենդի վերածված պատմությունները, Մետաքսե ճանապարհով անցած քարավաններին առնչված դեպքերը, ինչը կարևոր նշանակություն ունի»,- ասել է Աքչայոզը:
Վերջինիս խոսքով` մինչև 1994 թվականն Անիի ավերակներն առաջին աստիճանի ռազմական արգելված գոտի էին: Անիի ավերակները շատ կարևոր են Թուրքիայի և մասնավորապես Կարսի համար: «Եթե մենք կարողանանք առաջնային պլան մղել Անիի ավերակների միստիկ կողմը, ապա կկարողանանք ավելի լավ ներկայացնել այստեղի մշակույթը, որում առկա են ուրարտական, խուրիական, պարսկական, բյուզանդական, սելջուկյան, օսմանյան ու վրացական տարրեր: Անիի ավերակները բազմաթիվ մշակույթների ու կրոնների խորհրդանիշն են եղել»,- ասել է նա: