Թուրքիայի կառավարությունը շարունակում է Դիրարբեքիրի պատի վերականգնումը: 6 կմ երկարություն ունեցող պատի վերականգնման համար տրամադրվել է 20 մլն լիր: Պատի այդ հատվածում կան բազմաթիվ արձանագրություններ և զարդաքանդակներ:
Ներքին պատերի վերականգնումն արդեն մոտենում է ավարտին, մինչդեռ մնացյալ պատերի ռեստավրացիոն աշխատանքները կշարունակվեն այս տարի: Դիրաբերքիրի նահանգապետը նշել է, որ պատի ամբողջական վերականգնումը մինչ օրս չի իրականացվել լիարժեք ծրագրի բացակայության պատճառով:
«Հնարավոր չէ այս աշխատանքը ավարտել մեկ տարվա ընթացքում, բայց մենք կաշխատենք քաղաքի պատերի ամենահրատապ մասերի վրա: Չորս պատվարների ծրագրերը պատրաստ են: Մենք նաեւ նախապատրաստում ենք ծրագրեր 10 պատվարների համար: Աշխատանքն այս տարի կավարտենք: Իսկ պատվարների եւ ներքին քաղաքի պատերի վերականգնումը կավարտվի 2013 թ.»,- շեշտել է նահանգապետը:
Հիշեցնեք, որ Պատմական Հայաստանի հարավարևմտյան ծայրաշրջանում գտնվող Դիարբեքիր քաղաքը հնագույն ու հին աղբյուրներում հիշատակվում է Ամիդ, Ամիդա, Ամիդու, Ամիթ անուններով և դրանց բազմաթիվ այլ տարբերակներով։ Սեպագիր արձանագրություններում կոչված է նաև Բիտ–Զամանի երկրի անունով, որտեղ գտնվում էր այն և բավական ժամանակ եղել էր վերջինիս կենտրոնը։
Քաղաքի Դիարբեքիր անունը համեմատաբար նոր է և ունի արաբական ծագում։
Ըստ Մովսես Խորենացու, քաղաքի ամրությունները կառուցել է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանը մ. թ. ա, VI դարի կեսերին։ Այդ պատճառով էլ հայ պատմագրության մեջ Ամիդը հիշատակվում է նաև Տիգրանակերտ անունով, որը հաճախ շփոթել են Տիգրան Բ-ի կառուցած (70–ական թթ. մ. թ. ա.) Հայոց հայտնի մայրաքաղաքի՝ Աղձնիքի Տիգրանակերտի հետ։ Ամիդ-Դիարբեքիրը հզոր բերդաքաղաք էր, Վերին կամ Հայոց Միջագետքի գլխավոր բանալին։ Քաղաքի հնագույն բերդն ամբողջությամբ ավերված է և նրա մնացորդները հազիվ են նշմարվում։ Հետագայում, մասամբ թուրքական տիրապետության օրոք, մասամբ դրան նախորդած դարերում կառուցվել են Դիարբեքիրի մինչև օրս հիմնականում կանգուն մնացած ամրությունները։ Քաղաքի պաշտպանական պարիսպը կառուցված է անշաղախ հսկա քարերից, որոնք ագուցված են իրար մեջ, ունի 8 կմ երկարություն, 10 մ բարձրություն և 5 մետր լայնություն։ 82 աշտարակով պատը չինական պատից հետո երկրորդն է աշխարհում, որի վրայի արձանագրությունները, քանդակներն ու պատկերները խորհրդանշում են այդ բազմամշակութայնությունը եւ վկայում առնվազն 12 քաղաքակրթությունների մասին: Աշտարակները կրկնահարկ էին։ Դրանց ստորին հարկերը ծառայել են որպես մթերանոցներ ու զինանոցներ, իսկ վերին հարկերը՝ զորանոցներ։ Պարիսպն ունի մետաղակուռ չորս դարպասներ, որոնք նայում են դեպի հորիզոնի չորս կողմերը։ Դրանցից հյուսիսայինը միջին դարերում կոչվել է Հայոց դուռ (արաբերեն բաբ–ալ-Արմանի ), ավելի ուշ՝ նաև Լևոնի դուռ, Կարնո կամ Էրզրումի դուռ, արևմտյանը` Հոռոմոց (բյուզանդացիների) դուռ, հարավայինը Մերդինի (Մարդինի) դուռ, իսկ արևելյանը՝ Նոր դուռ կամ Շաթ (արաբերեն «գետի») դուռ։
Միջնաբերդը տեղադրված էր քաղաքի հյուսիսարևելյան մասում, բարձր ժայռի վրա։ Այն շրջապատված էր քառադուռ ու աշտակավոր դարպասով և համարվում էր փաշայի նստավայրը։ Միջնաբերդում էին գտնվում Ոսկեզուն պալատը՝ փաշայի դղյակը, պարիսպներով, շատրվաններով, կամարակապ հովանոցներով շրջապատված արքունի պալատը և այլ կառույցներ։