Ազատամարտիկ. Ղարաբաղի խնդիրը լուծված է, Ղարաբաղն այլևս խնդիր չունի…

32

«Ազատ Ձայն» լրատվականի հյուրն այսօր ևս Արցախյան պատերազմի հերոսներից է: Արարատ Ծատուրյանը 90-ականներից եղել է Արցախում` անձնուրաց կռվել հանուն հայրենիքի ազատության, հայերի խաղաղության: Եղել է Շահումյանի շրջանի հրամանատարներից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարներից ու տարիների հեռվից էլ` ականտես լինելով բազմաթիվ անօրինականությունների, երբևէ չի զղջացել, մի բանում հաստատ համոզված է. «այն ժամանակվա ոգին ուրիշ էր»,-ասում է նա: Արցախյան ազատամարտի մասնակիցը պարգևատրվել է Շուշիի ազատագրման, ինչպես նաև` մարտական ծառայությունների համար մեդալներով: Հարկ է նկատել, որ Արարատ Ծատուրյանի հետ մեր հանդիպման վայրը բավականին խորհրդանշական էր` Եռաբլուրում, որտեղ հանգչում են հայ ազգի նվիրյալներից շատերի աճյունները: Ի դեպ, Արարատը եկել էր այցի իր ընկերների շիրիմներին:

-Պարոն Ծատուրյան, միջին տարիքի մարդիկ հաճախ են սիրում կրկնել, թե այսօր պայքարի ոգին խամրել է, ինչ կարծիքի եք Դուք, արդյո՞ք ժամանակները փոխել են նաև հայրենասիրության մղումները, պայքարի ոգին իսկապես խամրել է:

-Ես համոզված եմ, որ ոգին միշտ ծնվում է հասարակությունից, ինչպիսին հասարակության բարոյական արժեքային համակարգն է, այդպիսին էլ պայքարի ոգին է: Այսօր հասարակությունը բարոյական արժեքային համակարգ` որպես այդպիսին չունի, եթե ունի էլ, ապա շատ բացասական է, և չենք կարող համեմատել: Տարբեր հասարակություններ են` տարբեր արժեքային համակարգերով, տարբեր բարոյական նկարագրով, եթե այն ժամանակ այդ ոգին իշխող էր, ապա հիմա ընդհակառակը` իշխողն այլ նկարագիր ունի:շ

-Պարոն Ծատուրյան, որքան էլ զարմանալի է, բայց այսօր ավելի շատ կխոսենք այսպես ասած` ցավոտ կողմերից: Շատերը նկատել են, որ այսօր Արցախյան ազատամարտի մեդալներ ունեն նրանք, ովքեր նույնիսկ չեն էլ եղել Արցախում, ի՞նչ կասեք այս մասին: Արդյո՞ք նման խնդիր իսկապես առկա է:

-Եվ ինձ և յուրաքանչյուր նորմալ մարդու համար ամենամեծ պարգևը ազտագարված հողերն են: Բայց եթե անկեղծ ասեմ, ես կողմ եմ, որ կոչումներ ու պարգևներ տան: Ու իսկապես ճիշտ եք նկատել, որ այսօր շատ դեպքերում կոչումներ են տալիս նրան, ով ռազմի դաշտում չի էլ եղել: Եվ դա երկու կողմն էլ գիտի: Ու կան պատճառներ, որ մեկը մյուսին հլու-հնազանդ ծառայում են: Դրան գումարած նաև բիզնեսը: Տնտեսական-քաղաքական շահերի համընկնումով ձևավորվում է այն, ինչ այսօր ունենք: Իսկ այսօր ունենք միայն սեփական շահերով հետաքրքրված և’ իշխանություն, և’ հասարակություն: Այսօր բոլորը` սկսած իշխանություններից` լծված են այն խնդրին, որը չի հետապնդում ազգային խնդիր: Շարքային ստրուկ կամակատարից մինչև բարձր պաշտոնյաներ միայն նեղ անձնական շահերն են գերակա համարում:

-Բայց կարծես ոչ միայն իշխանությունների, այլև հենց հասարակության կողմից է անուշադրության մատնվում նա, ով տարիներ առաջ կյանքը չի խնայել հանուն հայրենիքի: Չե՞ք կարծում:

-Այսօր մենք ականատես եղանք Ձեր ասածի պարզ օրինակին: Ուղիղ 21 տարի առաջ այս օրը զոհվեցին 5 երիտասարդներ, որոնցից 3-ի աճյուններն ամփոված են Եռաբլուրում: Միայն մեկ հոգու մայրն ու եղբայրն էին եկել: Մյուսների ոչ ծնողները, ոչ ընկերները, ոչ հարազատները չէին եկել: Սա է մեր հասարակությունը: Եթե մի փող ունեցող լիներ, բոլորը կգային: Ինչու եմ ասում փող ունեցող, քանի որ իմ համար հարուստ չեն, հարուստ միայն հոգով կարելի է լինել: Մեր հասարակությունը անբարոյականացվել է:

-Ասում են` առանց քաղաքականության զրույց չի լինում: Ուստի մի քանի հարց քաղաքականությունից: Վերջին խորհրադարանական ընտրություններից, ի՞նչ ակնկալիքներ ունեիք, և արդյո՞ք դրանք արդարացան:

-Բնավ ոչ մի ակնկալիք չունեի, քանի որ հասարակությանը փող տալով՝ ևս մեկ անգամ անբորայականցրին, և մարդիկ ընտրում էին նրան, ով ավելի շատ փող կտար: Ասենք` եթե ՕԵԿ-ը մուրաբա էր բաժանում, իսկ Հանրապետականը` 10000 դրամ, մարդիկ ընտրում էին Հանրապետականի 10000-ը:Այն աստիճանի են հասարակությանը բթացրել, որ երևի վերևում կանգնած ծիծաղում էին մարդկանց վրա: Այն աստիճանի է իշխանությունների ցինիզմն ու անբարոյականությունը, որ նման խաղեր են անում:

-Եթե որևէ մեկը Ձեզ առաջարկեր մանդատ, կհրաժարվեի՞ք:

-Իհարկե, կհրաժարվեի:

-Ինչո՞ւ:

-Առաջին հերթին նման անբարո միջավայրում հայտնվելու ցանկություն չունեմ:

-Մի՞թե Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որն, ըստ Ձեզ, տանում է ճիշտ քաղաքականություն, և որը ժողովրդին տանում է արժանապատիվ ապագա:

– Ո՛չ, Հայաստանում նման ուժ չկա ու չի էլ կարող լինել, քանի որ այդ ուժը նույն այդ հասարակության ծնունդն է: Եթե այսօր մեկը իշխանության գլուխ է, թեկուզ կուսակցության, ապա դա միայն թալանի համար, ու ոչ թե ժողովրդի:

-Խոսենք Ղարբաղյան հարցի կարգավորումից: Ինչ եք կարծում այն քաղաքականությունը, որը որդեգրել է հայկական կողմը, արդյո՞ք ճիշտ է, արդյո՞ք դա է խնդրի լուծման իրական ուղին:

-Աշխարհը պրագմատիկ է և աշխարհն ունի նախօրոք ծրագրավորված մոտակա և հեռահար խնդիրներ: Ղարաբաղի խնդիրը լուծված է, Ղարաբաղն այլևս խնդիր չունի, մենք ունենք այլ խնդիրներ: Ադրբեջանից տեղափոխված 750 հազար հայ փախստականների խնդիրը, որոնք ենթարկվել են ցեղասպանության և մնացել են անհայրենիք: Մենք հայրենիք վերկանագնելու խնդիր ունենք: Ինձ համար հայրենիքը միայն ֆիզիկական երևույթ չի: Այն նաև հոգևոր երևույթ է: Կիլիկիայից սկսած մինչև Կասպից ծով` դա է իմ հայրենիքը: Ղարաբաղը իրավաբանորեն իր անկախությունը հռչակել է, ենթարկվելով ագրեսիայի՝ կարողացել է ինքնապաշտպանվել և հաստատել իր պետականությունը:

-Արդյո՞ք Ղարաբաղյան խնդրի կարգավորումը այլ պատերազմի հիմք կդառնա մոտակա տարիների ընթացքում:

-Վստահ եմ, որ ոչ: Քանի որ գերտերություններից որևէ մեկին ձեռնտու չի: Մենք որոշողը չենք: Ո՛չ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններով չի սկսվի պատերազմ, ու ո՛չ էլ մեր հայտարարություններով` թե կարող ենք հակահարված տալ:

-Փորձենք փոքր-ինչ հեռուն նայել: Ի՞նչ ակնկալիքներ ունեք մոտակա 10 տարիներից:

-Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչինչ էլ չի փոխվի: