Մի՛ խլացրեք մեր երկրում տիրող իրական իրավիճակը. ժամանակն է սթափվելու…

22

Հայ հասարակությունն օր օրի կորցնում է իր բանականությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ ականատես ենք լինում բուռն ակտիվիստական գործունեության, որոնք բնավ էլ ինքնաբուխ չեն և խիստ ուղղորդված են: Այս ակտիվիազացիայի շրջանի բացումը սկսվեց դեռևս Մաշտոցի պուրակից էլ առաջ, երբ Թռչկանի հարցն էր բարձրացվել և հասավ մինչև մեր օրեր: Զավեշտալին այն է, որ ակտիվիստներն ամենուր են, որտեղ պետք է կան, որտեղ պետք չէ էլի կան: Նրանք ժողովրդի «կողքին» են: Բնակիչները բողոքում են, իրենք էլ են բողոքում, ծառը կտրել են իրենք էլ են դժգոհ, շուկան քանդում են իրենք կրկին դժգոհ են, բայց երբ դեռ քանդված չէր այսքան մեծ աղմուկ չհանեցին, որ այս օրին չհասնենք: Չմոռանանք, որ մեր ակտիվիստները նաև քաղաքական գործիչներ են, հիշում եք Րաֆֆի Հովհաննիսյանի Բարևաարշավի հիմքն իրենք էին: Այժմ չեմ ուզում քննարկել, թե իրականում ով են և ինչ են ուզում, քանզի այս պահին ավելի կարևոր հարցեր կան: Ցավոք, այս երկու օրը կրկին տեսնում ենք նույն պատմությունները, բայց այս անգամ սարսափելին այն է, որ ՀՀ քաղաքացները միմյանց դեմ են դուրս գալիս ու ամենանողկալի բառերով միմյանց վիրավորում ու ում համար: Շարքային, իրենից ոչինչ չներկայացնող, գողական աշխարհում և իշխանական համակարգում լավ ծանոթ-բարեկամ ունեցող ոմն Սամվել Ալեքսանյանի, ով այս ազգին միայն վատություն է արել, ուրիշ ոչինչ: Ալեքսանյանը կրկին գործի է դրել ընտրությունների 5000 դրամանոց կամ մի մեշոկ ալյուրանոց համակարգը և Փակ շուկայի նախկին աշխատողներին ու իր տարածքի առրտրականներին մի քանի կոպեկով ստիպել, որ իր գովքն ասեն: Սրանից ողբերգական բան գոյություն չունի, երբ մի քանի դրամով անձին ստրկացնում ես և ստիպում գովերգել սեփական անձը: Իսկ նողկանքի գագաթնակետն այն է, որ ոստիկանները չեն ուզում խոչըդոտել այս տրագիկոմեդիան՝ շեշտելով, որ քաղաքացիներն իրավունք ունեն հանգիստ ակցիա անցկացնելու: Բայց գիտենք, թե ինչի է ընդունեկ այդ նույն ոստիկանը, երբ դիմացում կանգնած են ոչ իր կողմը ներկայացնողները: Բայց խնդիրն այլ է: Կարևորն այն է, որ մեր երկրում այսօր շատ ավելի կարևոր խմորումներ են ընթանում, քան թեկուզ, ինձնից կնեղանաք, բայց նույն  «Փակ շուկան», որի կորուստն այլևս անդառնալի է: Հայաստանը մի քանի ամսից լուրջ մարտահրավեր ունի իր դեմ դրված, որի որոշումից յուրաքանչյուրիս վիճակն է կախված: Այս անգամ Լֆիկի փողերն էլ չեն փրկի: Մենք ունենք Արցախյան հիմնախնդիր, որն արդեն մի քանի տասնամյակ օդից կախված է, ինչի մասին ևս չենք լսում, որ բարձրաձայնեն մեր «ազգասեր» ակտիվիստները: Բայց այսօր ամենակարևոր խնդիրը թերևս սիրիահայերի հարցն է, ովքեր սոված, անհույս, անօթևան են մնացել Հալեպի արվարձաններում: Եվ նրանք մեկ երկուսը չեն, 50.000-ն են: Ու գիտեք, որն է ամենացավալին, որ օգնություն են խնդրում մեզանից՝ հայերիցս, բայց մենք լռում ենք ու շարունակում ենք մեր օրն ու կյանքը լցնել ինչ-որ Լֆիկի անբարոյական հավաքներով: Անընդունելի և սոսկալի է: Ինչո՞ւ չեք սիրելի ակտիվիստներ գնում կառավարության շենքի առջև, նախագահական, ԱԳՆ և պահանջեք, որ մեր հայրենակիցների համար մատը մատին տան ու չթողնեն պատերազմի բովում ոչնչանան: Չեք անում: Իսկ ինչո՞ւ: Ինչուն թողնում եմ ընթերցողին՝ չկամենալով վատաբանել որևէ մեկին: Բայց կասեմ այն, որ եթե նույնիսկ չեք ուզում դա անել, ապա գոնե մի խլացրեք մեր երկրում տիրող իրական իրավիճակը, մի զոմբիացրեք այս ժողովրդին և թույլ տվեք մնա ադեկվատ, տեսնի իրականում՝ ինչ է կատարվում իր շուրջ և պայքարի իրական սպառնալիք հանդիսացող երևույթների և ոչ թե զոմբիների դեմ: Ժամանակն է սթափվելու: 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};