Տավուշում ռուսական նոր ռազմաբազա է կառուցվում. հայտնի է տեղակայման վայրը․ «Հրապարակ»

174

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքում ռուսական նոր ռազմաբազայի կառուցման մասին առաջին լուրերը հայտնվեցին հունիսի կեսերին, երբ կառավարությունը հերթական նիստում ընդունեց ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման մեջ նոր ռազմակայանի մասին խոսք չկա, այլ ասվում է, որ փոփոխվում են «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերը» եւ ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմն ու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերը:

Բայց, ըստ էության, սա նոր ռազմաբազայի տեղաբաշխման մասին որոշում է, որի վերաբերյալ առանձին՝ թիվ 2 արձանագրություն է ստորագրվելու: Դրան հետեւելու է միջազգային պայմանագրի ստորագրումը, որը դեռ վերջնականապես մշակված չէ եւ պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ապա ստորագրվի երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այսինքն, ագրեսորների համար այնքան էլ հեշտ չի լինի նոր պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը՝ ռուսները կներգրավվեն այդ պատերազմում։ Եվ երկրորդ հանգամանքը կա՝ սրանով Ռուսաստանն իրավունքներ է ամրագրում եւ հայտ ներկայացնում տարածաշրջանում, գուցե նաեւ հող է նախապատրաստում նոր միության ձեւավորման համար։

Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան եւ Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: Մեր տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար եւ Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու:

«Չէ, դա չափազանցված թիվ է: Որքան գիտեմ, մի կետ Այգեպարում է, մեկն էլ մեզ մոտ են սարքելու: Շինարարական աշխատանքներ դեռ չեն կատարվում, ընդամենը հողային աշխատանքներ են առայժմ կատարվում: Կառավարության որոշումը եղել է հողերի վերաբերյալ, մենք էլ հատկացրել ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը:

Բնակիչներն իրենց ավելի՞ ապահով կզգան, եթե այդտեղ ռուսական զորք լինի, թե՞ ոչ։ «Չենք իմանում, թե նպատակն ինչ է, որ դրանից մեզ ավելի ապահով ենք զգալու, թե անապահով: Չգիտենք էլ՝ դա բազա՞ է, թե՞ ինչ է: Կարող ա պատահի՝ մի 30-40 մարդ կանգնեն, ու վերջ: Դա էնպիսի բան է, որ մեզ չեն էլ տեղեկացնի, ուղղակի կառավարության որոշում է, անում ենք։ Հիմա թե վերջում ինչ է ստացվելու, դա հետո կերեւա»,- ասաց Աղբալյանը:

Մյուս կետը, որտեղ տեղակայվելու է ռուսական զորքը, Բերդ խոշորացված համայնքում է, Այգեպար բնակավայրից ոչ հեռու գտնվող հին, չգործող օդանավակայանի տարածքում: ԽՍՀՄ ժամանակ այստեղից Як-40 օդանավերն էին թռչում, հայերն ու թուրքերն ակտիվ անցուդարձի մեջ էին: Այսօր հին օդանավակայանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են, ռուսական զորքի համար արագ հավաքվող, կոմպակտ շինություն է կառուցվում:

Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը չգիտի, թե արդյոք կարելի՞ է նոր կառուցվող օբյեկտի անունը ռազմաբազա դնել: «Մարդիկ չգիտեն, թե դա ինչ է: Ինչ-որ շինարարություն է գնում, բայց ռուսական է, թե հայկական է, ժողովուրդը չգիտի: Էդ հողը մի կիլոմետրից ավելի մեզնից հեռու է, մեր համայնքինը չի: Նենց չի, որ մենք համայնքային հող ենք ունեցել ու տվել ենք, օդանավակայանի տարածքն է»:

Ըստ Արկադի Յամուկյանի, այսօր Այգեպարը խաղաղ է, կրակոցներ չկան, բայց պատճառն ամենեւին  նոր ռազմաբազան չէ: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի հատ կրակոց էս կողմերում չի եղել: Մարդիկ, երեւի, հոգնել են կրակելուց, ոչ մի կրակոց չկա էս պահին»: Իսկ եթե ռուսական ներկայություն լինի, ավելի՞ հանգիստ կլինեն մարդիկ, որ պատերազմ չի լինի:

«Իմ անձնական կարծիքով՝ այո, բնակիչները հանգիստ կլինեն, եթե այդտեղ ռուսական ներկայություն լինի: Նենց չի, որ մենք նախկինում վախից մեռել ենք: Կռիվ էր, կռվում հո փլավ չե՞ն բաժանում: Էս պահին ոչ մի վատ բան չենք տեսնում, խաղաղ է»,- ասաց համայնքապետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: