«Եռաբլուրում ադրբեջանցին Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ ծիսակարգ է արել, նրան բռնել են, ապա բաց թողել». 168 ժամ

97

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում ամիսներ առաջ միջադեպ է գրանցվել սրբավայրի տարածքում ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության աշխատակիցների և ադրբեջանցի մի տղամարդու միջև:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրավապահ մարմինները տղամարդուն մոտեցել են կասկածելի վարքագծի համար, որից հետո պարզել են, որ նա ազգությամբ հայ չէ.

«Ըստ Ռազմական ոստիկանության (ՌՈ) աշխատակիցների՝ տղամարդը բավականին լավ հայերեն է խոսել, սակայն այդ պահին Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ նստած, ինչ-որ ծիսակարգային գործողություններ է կատարել, տարօրինակ հնչյուններ արտաբերել, ձեռքերը վեր բարձրացրել, իջեցրել: Երբ Եռաբլուրի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները փորձել են նրան անցակետ հրավիրել, որպեսզի պարզեն, թե ո՞վ է և ի՞նչ նպատակով է եկել պանթեոն, տղամարդը, որ ֆիզիկական լավ պատրաստվածություն ունի՝ դիմադրել է: Այնուամենայնիվ, ՌՈ աշխատակիցներին հաջողվել է մի քանի հոգով նրան անցակետ տանել, որտեղ էլ պարզվել է, որ տղամարդն ադրբեջանցի է: Ուշագրավն այն է, որ ադրբեջանցի տղամարդը սպառնացել է, որ իրեն բաց թողնեն, քանի որ, չնայած նրան, որ Ադրբեջանում է ծնվել և անուն-ազգանուն-հայրանունն ադրբեջանական են, ինքը հայ է և վաղուց է բնակություն հաստատել Հայաստանում, և եթե իրեն բաց չթողնեն, ապա լուրջ խնդիրներ կունենան հետագայում»,- պատմել է մեր աղբյուրը:

168.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նման միջադեպ իսկապես եղել է, և տղամարդն էլ իրոք ազգությամբ ադրբեջանցի է՝ Է. Բեջանով:

«Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ, երբ ադրբեջանցուն բերման են ենթարկել, նա սպառնալիքներ է հնչեցրել և հայտարարել, որ մեկ է՝ իրեն ոստիկանությունում չեն պահելու… Այդպես էլ եղել է, կարճ ժամանակ անց նրան ազատ են արձակել: Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ադրբեջանցի տղամարդը վերադարձել է Եռաբլուր և ՌՈ աշխատակիցներից պատիվ պահանջել՝ իր հետ նման կերպ վարվելու համար»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ տվյալ միջադեպի տեսագրությունն առկա է, և ցանկության դեպքում իրավապահ մարմինները կարող են այն հրապարակել: