Ռուզաննան Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայից է տեղահանվել ու արդեն երկրորդ ամիսն է՝ որդու՝ Մհերի գերեզմանին այցի գնալ չի կարողանում․ շիրիմը գյուղում է մնացել։
«Ուշքս ու միտքս մեր գյուղում է։ Ամեն վայրկյան մտքով այնտեղ եմ, քանի որ ամենաթանկս՝ տղաս, այնտեղ է մնացել․․․Երանի եմ տալիս բլոկադայի օրերին, որ թեկուզ գարի ու սիսեռ էինք աղում- ուտում, բայց երեխուս մոտ էի, ամեն օր գնում էի․․․ Որ զոհվելուց ութ ամիս անց գտել են մարմինը, Հերացիից ամուսինս զանգեց հարցրեց՝ թողնեմ էստեղ հուղարկավորե՞նք, թե՞ բերեմ, ասացի՝ բեր, որ կարողանամ ամեն օր գնալ մոտը․․․ Հիմա մենք էստեղ ենք, ինքն՝ այնտեղ․ չգիտեմ էլ կկարողանա՞մ այսպես ապրել, թե՞ չէ․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է տիկին Ռուզաննան։
20-ամյա Մհեր Հարությունյանը կրտսեր սերժանտ էր, որ 44-օրյա պատերազմը սկսվեց։ Նրա հերոսություններին ականատես եղածներից շատերը, ցավոք, նույնպես զոհվել են։ Մայրը Մհերի՝ ողջ մնացած մի մարտական ընկերոջից է իմացել, որ Շուշիում, 7-8 հոգով շրջափակման մեջ ընկնելուց առաջ, որդին հասցրել էր փրկել նաև իր հրամանատարի կյանքը։ Հետմահու ստացած «Արիության մեդալը» Մհերի ընտանիքին այդպես էլ չի հասել, բայց ծառայության ընթացքում բազմաթիվ խրախուսանքների է արժանացել։
«Զոհվելուց՝ նոյեմբերի 7-ից մի քանի օր առաջ զանգել էր, ասաց՝ սերժանտի կոչում են տալու ինձ․․․ Էդ էլ չհասցրեց ստանալ․․․»,-հառաչում է մայրն ու հիշում՝ Մհերը դեռ 2016-ին՝ քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ընդամենը 16 տարեկան էր, հորը ստիպել է թույլ տալ, որ զինկոմիսարիատ գնա ու դիմում գրի, որպեսզի իրեն ևս տանեն առաջնագիծ․․․
Սեպտեմբերի 19-ի պատերազմի օրը տիկին Ռուզաննան խմոր էր հունցել, վերջին երկու գունդն էր մնացել, որ թխի, բարեկամը զանգել ու ասել է՝ կռիվը նորից սկսվել է։
«Մեր տունը շատ բարձրադիր է, թուրքերի ափի մեջ էր, Թաղավարդի, Կալերի, Զարդարաշենի տարածքում նրանց դրած դիրքերից պարզ երևում էր։ Բարեկամս ասաց արի մեր նկուղ, ես էլ սկզբից չուզեցի գնամ, բայց տեսա, որ լուրջ է, երկար է տևում, գնացի։ Քանի որ դեղերս չէի վերցրել՝ ճնշման, շաքարի, հետ գնացի, վերցրեցի, նորից եկա։ Էդ գիշերը նկուղում անցկացրեցինք։ Հաջորդ օրը գնացի, որ տեսնեմ ինչ լուր տղաներից, մեծ տղաս էլ էր դիրքերում, աշխարհազորի մեջ էր։ Որ ասացին՝ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, գնացի հետ։ Էնտեղից ուրիշ հարևանի նկուղ տեղափոխվեցինք։ Հաջորդ առավոտն ասացին, որ թուրքերը գյուղ են մտնում․ ով ոնց կարողացավ՝ դուրս եկավ։ Անտառների միջով, Հերհերի տակով գնացինք դեպի Ծովատեղ։ Գյուղի դպրոցի նկուղում մի օր մնացինք։ Ամսի 22-ին որ զինաթափեցին բոլորին, տղաս էլ եկավ, վերցրեց մեզ, հետ եկանք գյուղ՝ Կարմիր Շուկա։ Հաջորդ օրը՝ 23-ին, մի քիչ ալյուր տարա հարևանիս տուն, որ թոնրում մի քանի հաց թխեմ, էն էլ եկան, թե դուրս ենք գալիս գյուղից, թուրքերը հասնում են Կարմիր Շուկա։ Էլ ոչ մի բան չհասցրեցի վերցնեմ․ մենակ երեխուս՝ Մհերի մի նկար վերցրեցի ու դուրս եկա․․․»,-պատմում է տիկին Ռուզաննան։
Անտառներով մի կերպ Գիշի են հասնում, այնտեղից գտնում են մի քանի լիտր բենզին, որ հասնեն Ստեփանակերտ։ Ստեփանակերտում մի գիշեր մեքենայի մեջ են մնում, հաջորդ գիշերը՝ բարեկամի տան։ Ամսի 25-26-ին Հարությունյանների ընտանիքը նույնպես հարկադրված բռնում է գաղթի ճանապարհը․․․