Վրաստանում Ադրբեջանին «հողեր վաճառելու» գործով կան ձերբակալվածներ կան

15
Վրաց-թուրքական սահման
Վրաստանի գլխավոր դատախազությունը Ադրբեջանի հետ դեմարկացիայի (հարևան պետությունների սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա) եւ դելիմիտացիայի (սահմանագծի անցկացումը երկրի մակերևույթի վրա) հանձնաժողովի աշխատանքի ժամանակ երկրի տարածքի մի մասի ապօրինի փոխանցման վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալել է ԱԳՆ եւ ՆԳՆ երկու աշխատակիցների: Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է դատախազը Ջարջի Ցիկլաուրին, փոխանցում է ТАСС-ը։
 
Դատախազի խոսքով՝ երկու երկրների իշխանությունները դեռեւս 1994 թվականին պայմանավորվել են սահմանագծել 1938 թվականին հրապարակված քարտեզի համաձայն, սակայն գործի ֆիգուրանտները դիտավորյալ թաքցրել են այն եւ աշխատանքի ժամանակ առաջնորդվել են քարտեզներով, որոնք տպագրվել են 1970- ական թվականներին:
 
«Փորձաքննությունը պարզել է, որ դեմարկացիայի ժամանակ մեղադրյալները առաջնորդվել են 1970-1980թթ. հրատարակված քարտեզներով, ինչը էապես հակասում է մեր երկրի պատմական սահմանին, այդ թվում ՝ Դավիթ-Գարեջիի (սահմանին գտնվող վանական համալիր) նկատմամբ»,- ասել է Ցիկլաուրին։
 
Ինչպես նշել է դատախազը, խոսքը հանձնաժողովի աշխատանքի մասին է, որը կատարվել է 1996-2007թթ.: Թե ինչպիսին էր մեղադրյալների դրդապատճառը, դեռ հայտնի չէ։
 
Վրացի լրագրողներին հաջողվել է պարզել, որ ձերբակալվել են վրացական կողմից սահմանի դեմարկացիայի հանձնաժողովի նախկին ղեկավար Իվերի Մելաշվիլին եւ հանձնաժողովի նախկին անդամ Նատալյա Իլիչեւան:
 
Մեղադրյալների դեմ քրեական գործ է հարուցվել «Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում» հոդվածով, ինչը պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ: Դատախազությունը մոտ ժամանակներս կդիմի դատարան՝ ձերբակալվածների համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։
 
Վրաց-ադրբեջանական պետական սահմանի դեմարկացիայի աշխատանքներն իրականացվում են 1996 թվականից։ Սահմանի ընդհանուր երկարությունը 480 կմ է, որից համաձայնեցվել է 314 կմ-ն: 2019 թվականի մայիսին դեմարկացիայի և դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովը վերսկսել է աշխատանքը ընդմիջումից հետո, որը տեւել է մի քանի տարի: Սահմանի վիճելի հատվածներից մեկը Դավիթ-Գարեջի վանական համալիրն է, որը գտնվում է երկու երկրների միջեւ, որը բաղկացած է ժայռերի մեջ փորված քարանձավներից։ Համալիրի մի մասը գտնվում է ադրբեջանական տարածքում, մի մասը՝ վրացական տարածքում, ինչը պարբերաբար տարածքային վեճերի առարկա է դառնում։