Ոտքս հեչ․․․ ես հո՜ղ եմ կորցրել․ ասում է պատերազմում ոտքը կորցրած Զավեն Մարությանը

59

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան էջում գրում է․

««Ոտքս հեչ․․․ ես հո՜ղ եմ կորցրել»,-առյուծի նման մռնչալով, գլուխը կախ ասում է Զավենն ու շեշտում, որ ցանկացած պահի պատրաստ է զենքը վերցնել ու վերադառնալ սահմանագիծ։

Զավեն Մարությանը մեր շահառուներից է։ Նա մասնակցել է 3 պատերազմի։ Արցախյան ազատամարտի ժամանակ 17 տարեկան էր․ «92 թիվն էր, ընկերներով փախանք տնից, հիշում եմ, փոստատնից զանգեցի տուն ու ստեցի, թե Դսեղ գյուղ եմ գնում՝ ընկերոջս տատիկի տուն․․․ Գնացինք մեր հայրենիքը պաշտպանելու։ Հիշում եմ, դժվարություններով հասանք Շորժա, հետո էնտեղից էլ Ճամբարակ։ Մասնակցել եմ Ճամբարակի պաշտպանական մարտերին։

1993թ․ ապրիլին բավական թրծված էի և մասնակցել եմ Մարտակերտի շրջանի մարտական գործողություններին։ 93-ի դեկտեմբեր ամսից արդեն Ներքին զորքերի համահավաք ջոկատի կազմում՝ Օմոնի կազմում, մասնակցել եմ մարտական գործողություններին Հորադիսում և Ֆիզուլու շրջանում։ Արդեն 19 տարեկան էի։

Երկրորդ պատերազմը՝ Ապրիլյանն էր, առաջին օրից Երկրապահի կազմով մեկնել ենք սահման, Լելե Թեփե բարձրունքն ենք պահել այդ օրերին, դիվերսիոն հետախուզական խումբ ենք ոչնչացրել։ Այս պատերազմին 2020 թ․-ի սեպտեմբերի 29-ից սահմանին եմ եղել ՝ Ղարաբաղյան պատերազմի վետերանների կազմով»։

Զավենը հիշում է՝ ինչպես կորցրեց ոտքը․ «Ծխում էի․․ մեկ էլ տեսա ոտքս մի ջլի վրա կախված ընկած, ցավազրկող չկար, սարի վրա էինք, երբ տղեքը զգացին, որ կորցնում են ինձ՝ արյունաքամ եմ լինում։ Իրենց կյանքը վտանգելով, ռմբակոծության և հրետանու կրակի տակ՝ դրեցին ինձ կտորի մեջ և սկսեցին վազելով իջեցնել սարից»։

Զավենը պրոթեզով պարում է բոլորից լավ և իր ձեռքերով «կապում» իր առանձնատան տանիքը։

Զավենը Հիմնադրամից ստացել է միանվագ գումարը և օգտագործել առանձնատան կառուցման համար անհրաժեշտ շինանյութ ձեռք բերելով։ 20 տարի շարունակ ամեն ամիս Զավեն Մարությանը կհատուցվի Հիմնադրամի կողմից։ Մենք պատասխանատու ենք մեր հերոսների առաջ»։