Որդիներիցս մեկը զոհված է, մեկն էլ անհետ կորած։ Ու՞մից ուզեմ, ո՞վ պետք է ինձ պատասխան տա։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարարության մոտ ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։
«Երեխեքը կռվել են, սպաներին են այսօր հերոսի կոչում տալիս։ Ինչի՞ համար։ Ինչի՞ են կռվել այդ երեխաները, հայրենիքի համար։ Կռվի ժամանակ հայրենիքը մերն է, խաղաղ պայմաններում հայրենիքն իրենցը չի՞։ Թող գտնեն մեր երեխեքին տան։ Փոքր տղաս 2 ամսվա ծառայող է, տարել են ռազմաճակատ են մտցրել, զենքին էլ չի տիրապետում։ Դրա համար էլ այսօր ծնողները չեն թողնում, որ իրենց երեխաները գնան Ղարաբաղ ծառայելու, որովհետև դավաճանված բանակ է»,-ասաց անհետ կորած զինծառայողի հայրը՝ նշելով, որ մեծ որդին հոկտեմբերի 11-ից մինչ օրս անհետ կորած է, փոքր որդին էլ հոկտեմբերի 12-ին է զոհվել։














