Ոչ մի բան չեն անում, մենք մնացել ենք անելանելի վիճակում. քաշաթաղցիների բողոքի ակցիան

38

«Արդեն 3 ամիս է ոչինչ չենք ստանում:  Մենք Քաշաթաղում ունեցել ենք այգիներ, տներ, սակայն, ամեն ինչը թողել ենք, հիմա ոչինչ չունենք: Մենք ուզում ենք հատուցում, որպեսզի տուն առնենք այստեղ: Մեր ամբողջ ունեցվածքը մնացել է թուրքերին»,- նշում են ակցիայի մասնակիցները, ավելացնելով, որ համայնքի ղեկավարն արդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրանց խոսք են տվել, որ իրենք հատուցում կստանան:

Քաշաթաղի շրջանի Միջնավանի քաղաքապետարանի քարտուղար Մարիամ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այն, ինչ որոշում է կառավարությունը, հայտարարում են պաշտոնապես, իրականում ոչ մի բան չեն կատարում, մենք մնացել ենք անելանելի վիճակում»:

Նրանց խոսքով,  երեկ Ստեփանակերտից եկել էր Հայկ Խանումյանը, որն ասել է թե՝ քաշաթաղցիները, բոլորը պետք է վերադառնան Արցախ և պետք է շենացնեն մեր երկիրը։

«Ես հասկանում եմ, ընդունում եմ պետականամետ քաղաքականությունը, բայց ինչ վերաբերում է Քաշաթաղի հարավային թեւին, այնտեղ բոլորը վերաբանակեցվածներ են: 30 տարի շարունակ արյուն ու քրտինք են թափել, հող են շենացրել, տուն են դրել: Բառիս բուն իմաստով իրենց հագի մի ձեռք հագուստով կանայք դուրս են եկել իրենց տներից ամենավերջին օրերին, իսկ տղամարդիկ Ջաբրայիլ ու Իշխանաձոր են պահել: Ու հիմա այդ մարդկանց համոզել են, որ գնացեք Մարտակերտի ամենասահմանային գյուղերում նորից հող մշակեք, ձեր տունը կսարքենք, իսկ եթե չգաք, ոչ մի բան չեք ստանա», ասում են քաշաթաղցիներն ու ներկայացնում իրենց պահանջ-խնդրանքը կառավարությունից.

«Այս պահին մենք խնդրում ենք կառավարությունից՝ բավական է պետական մակարդակով մարդկանց խաբել։ Ժողովուրդը դարձավ էստեղից-էնտեղից օգնություն մուրացո՞ղ: Մենք էդ մարդը չենք: Ասում են՝ ձեր 5 միլիոնները կարող եք ստանալ: Բայց մենք կորցրել ենք ավելի շատ, քան 5 միլիոնը: Եթե մեզ Հայաստանում չապահովեն,  դիմելու ենք միջազգային դատարան: Մենք տեսել ենք, թե ոնց են հաղթած պարտություն դրել մեր ուսերին»,-ասաց նրանցից մեկը։