Վերին Լարսի անցակետի փակ լինելու հետևանքով հայ վարորդները կարող են սնունդի ու գումարի կարիք ունենալ։ Բայց այդ հարցերը ՊԵԿ-ի առաջ չպետք է բարձրացվեն։ Այս մասին ԱԺ նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
«Վերջին 10-15 օրերին եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետն աշխատում է շատ մեծ կուտակումներով։ Եվ, այո, այնտեղ կան խնդիրներ։ Մի վարորդի մոտ գումարն է վերջացել, մի վարորդի մոտ սնունդն է վերջացել»,- ասաց ՊԵԿ նախագահը։ Պատգամավոր Արման Բաբաջանյանը բարձրաձայնել էր, որ 700 հայ վարորդ է մնացել ճանապարհին։
«Պարոն Բաբաջանյան, ձեր նշած 700 վարորդները ֆիզիկապես գտնվում են տարբեր տարածքներում։ Եվ մեր ներկայացուցիչը մեծ ցանկության դեպքում հնարավորություն չունի 700 վարորդի հանդիպել։ Ինչ վերաբերում է նրան, որ չկա ներկայացուցիչը կամ կորցրել ենք, ապա ամենևին այդպես չէ, ներկայացուցիչը օրը 2-3 անգամ ինձ հետ կապի մեջ է՝ զեկուցելով օպերատիվ իրավիճակը։ Ներկայացուցչի դերը առհասարակ միության շրջանակներում համագործակցության, որոշակի գործառույթներին աջակցությունն է։ Եթե մենք պատկերացնում ենք, որ ներկայացուցիչը պետք է վարորդներին սնունդ հասցնի, ապա դա ամենևին այդպես չէ»,- նշեց ՊԵԿ նախագահը։














