«Վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում հայկական հետքն է ոչնչացվում․ Արցախի ՄԻՊ

83

Ադրբեջանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգված ատելություն է տարածում։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Նազարյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու «նորոգման աշխատանքներին»։

«Այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերում հայկական մշակութային արժեքներին, և արդեն իսկ հասկանալի է, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում․ նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է»,- գրել է Նազարյանը։

Նա հիշեցնում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից վարվել է Արցախում հայկական քրիստոնեական մշակույթը ալբանիզացնելու կամ այլ ազգերին վերագրելու պետական քաղաքականություն, թեպետ այդ փորձերը հիմնազուրկ են թե՛ պատմական ժամանակագրության, թե՛ մշակութային- ճարտարապետական առանձնահատկությունների տեսանկյունից։

«Եթե Ադրբեջանն իրոք հոգում է մշակութային արժեքների պահպանության մասին և «վերանորոգում» է այն, ապա մեծ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ մինչև այսօր չի թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան»,- պնդում է Նազարյանը։

Նրա խոսքով՝ միջազգային համապատասխան կառույցները պարբերաբար տեղեկացվում են ադրբեջանական վանդալիզմի մասին, սակայն քննադատություններից կամ կոչերից այն կողմ խնդիրը չի անցնում։ Մինչդեռ հստակ ու որոշակի քայլեր են պետք։

Պաշտպանը շեշտում է՝ հենց թողտվությունն ու անպատժելիություն են Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հիմնական պատճառները։

Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու՝ անգմբեթ լուսանկարները։ Նա գրել էր, որ մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են եկեղեցու գմբեթները։