Թուրք գրողի խաղաղության կոչից հետո, Ադրբեջանում դադարեցվել է նրա գրքերի վաճառքը

22
Էլիֆ Շաֆաք

Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը Twitter միկրոբլոգում խաղաղության կոչով գրառում է արել` անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:

Նա գրառմանը կից տեղադրել է բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի Կոմիտասի «Կռունկ» կատարումը Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի։

Շաֆաքը, համացանցում կիսվելով այդ տեսանյութով, որն ավելի վաղ հրապարակել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, վերջինիս շնորհակալություն է հայտնել և տեսանյութին կից արել հետևյալ գրառումը․

«Այս գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանը և չեն հրաժարվում խաղաղությունը պաշտպանելուց։ Արվեստ ավերակների մեջ․․․ Շնորհակալություն Կարո Փայլան, որ կիսվել եք»։

Նշենք, որ Էլիֆ Շաֆաքի այս գրառումը բացասական արձագանք է գտել թուրք և ադրբեջանցի օգտատերերի շրջանում։ Նրանք Շաֆաքի հասցեին անպարկեշտ և սպառնալից գրառումներ են արել։ Ոմանք անգամ պահանջել են, որ Արդբեջանում դադարեցվի նրա գրքերի վաճառքը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ բոյկոտից անմիջապես հետո Ադրբեջանի բազմաթիվ գրախանութներում դադարեցվել են Շաֆաքի գրքերի վաճառքը: