Թուրքիան ցանկանում է Bayraktar TB2-ի տեխնոլոգիաներ Չինաստանից ստանալ

44

Թուրքական ռազմարդյունաբերական համալիրն ակնկալում է Չինաստանից ստանալ անօդաչու թռչող սարքերի արդիականացման և համատեղ արտադրություն հիմնելու տեխնոլոգիա։

Ինչպես գրում է հոնկոնգյան South China Morning Post թերթը՝ վկայակոչելով չինացի փորձագետներին, Անկարան ցանկանում է Պեկինի օգնությամբ արդիականացնել Bayraktar TB2-ը։

Պեկինում տեղակայված Yuan Wang ռազմական վերլուծական կենտրոնի աշխատակից Չժոու Չենմինի խոսքով՝ ուկրաինական հակամարտության ընթացքում «թուրքական Bayraktar TB2-ի թույլ կողմերը պարզ են դարձել»։ «Անկարան հույս ունի, որ Պեկինն իրեն կփոխանցի իր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան, որպեսզի արդիականացնի TB2-ը և իր հնարավորությունները դարձնի նույնը, ինչ չինական անօդաչու սարքերը»,-ընդգծել է փորձագետը։

Պարբերականը նշում է, որ խոսքը Tsaihong (CH) սերիայի չինական անօդաչու թռչող սարքերի և BT-001 հետախուզական մեքենաների մասին է, որոնց բնութագրերը համեմատելի են ամերիկյան MQ-9 Reaper-ի հետ։

Ինչպես նշել է չինացի ռազմական դիտորդ Սոնգ Չժոնպինը, համագործակցության հնարավոր գոտի կարող են դառնալ նաև բազմակի օգտագործման հրթիռային համակարգերը, մարտավարական հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը։