Թշնամին չի փոխվել. Անասուններ գողանալը շարունակական է դառնալու, դրանից հետո մարդաորսը կսկսվի. Շուռնուխի գյուղապետ

32
Շուռնուխ
Շուռնուխ Լուսանկարը՝ Անժելա Ֆրանգյանի

Ադրբեջանցիները 15 օր առաջ Շուռնուխի գյուղացու 13 կովերին քշել են դեպի ադրբեջանական տարածք և մինչ օրս հետ չեն վերադարձրել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ դեպքի հաջորդ օրը շուռնուխցին սահմանապահների ուղեկալ հրամանատարի և խաղաղապահների հետ միասին գնացել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հարակից գյուղ, որտեղ երևացել են անասունների հետքերը. «Մութն ընկել է ու հետաձգվել է անասուններին որոնելու աշխատանքը։ Ուղեկալի պետը ռուսների միջոցով անընդհատ դիմում էր ադրբեջանական կողմին, իսկ այնտեղից պատասխանում էին, որ եթե գտնեն, կբերեն։ Պարզ է, որ չեն էլ գտնի»,-ասաց գյուղապետը։

Վերջինս նշեց, որ եթե տեսնեին՝ ադրբեջանցիներն անասուններին քշում են ու տանում, ապա կկանխեին, ինչ-որ բան կձեռնարկեին, բայց չեն տեսել. «Այդ տղան GPS-ի գծած սահմանին մոտ է ապրում, մի քանի մետր է հեռու։ Այլընտրանք չկա, ադրբեջանցիներն են քշել կովերին։ Այնտեղ անտառ է և հնարավոր է մտնեն ու տանեն ընդամենը 10 րոպեի ընթացքում»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Շուռնուխում գյուղացիների ապրուստի միակ միջոցն անասուններն են։ GPS-ով սահմանազատումից հետո գյուղում անասունները պակասել են, շատերը վաճառել են, քանի որ գյուղում արոտի խնդիր կա. «Նախկինում լավ եղանակի ժամանակ անասուններին բաց էինք թողնում, կարող է մեկ շաբաթ դրսից օգտվեին, հիմա խոտի պաշարը վերջացել է, ամեն ինչ դժվարացել է»,-նշեց գյուղապետը։

Նրա խոսքով Շուռնուխի այդ բնակիչը 50 գլուխ խոշոր եղջերավոր ունի, որից 13-ն ադրբեջանցիները տարան։ Հակոբ Արշակյանը նշեց, որ այս ընթացքում նման դեպքեր չեն եղել, և սա սկիզբն է. «Շատ վատ է, որ հետ չվերադարձրեցին, որովհետև դա արդեն շարունակական է դառնալու, դրանից հետո էլ մարդաորսն է սկսվելու։ Թշնամին չի փոխվել, հենց ծառերը կանաչեն, անտառն անտեսանելի է լինելու, կարող են մայրուղի դուրս գալ մեքենա, ուղևոր էլ վերցնել ու տանել։ Այդ հատվածներն արդեն շատ վտանգավոր են լինելու»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Լուսանկարը` Անժելա Ֆրանգյանի