Սյունեցիների զայրույթն իրավական հիմքեր ունի. Արման Թաթոյան

31

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է, որ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:

«Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և վերջապես ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է։ Ինքս եմ իմ աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում: Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ, իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Թաթոյանը հատուկ շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը , ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու առհասարակ մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին:

«Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը, և վերջ»,–եզրափակել է Թաթոյանը: