Սոթքի հանքի 300 աշխատակից անգործ է մնացել․ պատգամավորն ահազանգում է

40
Սոթք

Սոթքի հանքի շուրջ 300 աշխատակից է աշխատանքից ազատվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ահազանգեց պատգամավոր Թագուհի Թովսմասյանը։

«Սոթքի հանքի 300 աշխատակից արդեն իսկ անգործ են մնացել։ Վարդենիսի բնակիչների կենցաղային հարցերի վրա էական ազդեցություն է ունենում այդ 300 կրճատված աշխատակիցների խնդիրը։ Ի դեպ, որևէ երաշխիք չկա, որ այդ 300-ը չի ավելանա»,–ասաց Թովմասյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։

Նրա խոսքով` աշխատանքից ազատված մարդիկ վարկեր ու պարտավորվածություններ ունեին, իսկ հիմա մնացել են առանց եկամտի։ Պատգամավորը նշեց, որ որոշ ժամանակ առաջ նույն ամբիոնից բարձրաձայնել էր այս խնդրի մասին, սակայն որևէ արձագանք չի եղել։

Թովմասյանը նշեց` որքան էլ հիմա արտախորհրդարանական ընտրությունների տրամադրություններով ենք` պետությունը պարտավոր է սահմանամերձ շրջանների բնակիչներին երաշխիքներ տալ։ Ո՞վ պետք է սոցիալական երաշխիքներ տա սահմանամերձ համայնքներում անգործ մնացած մարդկանց, և այդ մարդիկ այսուհետ ինչպե՞ս են ապրելու։