Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է հօգուտ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստում, որը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին։
Ըստ որոշման նախագծի՝ ՀԷՑ-ը նախատեսում է վարկային միջոցներ ստանալու գործարքներ կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, ուստի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ընկերության բաժնետոմսերը գրավադրվել են որպես հաջորդող գրավ։ ՀԾԿՀ-ն մինչ որոշման կայացումը կառավարությունից հայցել է դիրքորոշում նշված հարցի վերաբերյալ։ Կառավարությունը ևս դեմ չի եղել Հայաստանի էներգետիկ մատակարար ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը ու օգոստոսի 27-ին համապատասխան որոշմամբ թույլատրել է գործարքը։
Կառավարությունը բաժնետոմսերի գրավադրման իր համաձայնությունում, սակայն, շեշտել է, որ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգի մեջ կներառվեն պայմաններ, որով կբացառվի բաժնետոմսերի՝ սեփականության իրավունքով փոխանցումը, առանց կառավարության ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնության։ Գրավադրումը վերաբերելու է միայն ՀԷՑ-ի բաժնետոմսերին ու չի առնչվելու ՀԷՑ-ի բաժնետեր հանդիսացող այլ ընկերությունների բաժնետոմսերին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը ընդհանուր առմամբ 700 միլիոն դոլարի է, ու սա հերթական ֆինանսական հատկացման մասն է. «Ռիսկեր չեմ տեսնում բացարձակ, քանի որ ՀԷՑ-ի դրամական հոսքերն ամբողջությամբ բավարար են այդ պարտավորությունները մարելու համար։ Վարկերն էլ արտոնյալ պայմաններով են»,- ասաց նա։ Մեծ ծավալով վարկային միջոցների ներգրավման հարցում, ըստ Բաղրամյանի, միջազգային ֆինանսական կառույցները խիստ են, ու ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը համապատասխանել է նրանց պահանջներին։ Հարցին, թե ինչո՞ւ նախկինում ընկերության բաժնետոմսերը չէին գրավադրվում, և միայն այս տարի է նման պահանջ առաջացել, Բաղրամյանն արձագանքեց. «Դա վարկային մեծ պորտֆել է, ու ամեն տարի մաս-մաս վերցվում է։ Ենթադրում եմ՝ հիմա ավելի մեծ գումար է վերցվում, որովհետև 2021-2022-ին ներդրումային մեծ ծրագիր է նախատեսվում»։
ՎԶԵԲ-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու Ասիական զարգացման բանկի հետ վերջնական պայմանագրերը նախատեսվում է կնքել սեպտեմբերին։