Սիրուն չէ նման կերպ «աչոկներ» հավաքել․ Շուռնուխից երեխայի առևանգման լուրերը չեն համապատասխանում իրականությանը

36

Սյունիքի Շուռնուխ համայնքից երեխայի առևանգման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ես խոսեցի Սյունիքի մարզի քննչական վարչության և՛ ներկա, և՛ նախկին պետերի հետ։ Նրանք ասացին, որ նման տեղեկություն Սյունիքի մարզի քննչական կոմիտեում չկա։ Քրեական գործ հարուցված չէ, դրանք պարզապես խոսակցություններ են»,- ասաց նա։

Միջադեպի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանից։ Արշակյանը ևս հերքեց տեղեկությունը և հորդորեց տեղիք չտալ նման ստահոդ լուրերին։

«Նման բան չկա, իրականում դա թաքցնելու բան չէ։ Եթե նման բան լիներ, ես առաջիններից մեկը պետք է իմանայի։ Սա գյուղ է։ Ամեն մի ընտանիք կարող է իր վրա վերցնել, սիրուն չէ նման կերպ «աչոկներ» հավաքել»,- նշեց Արշակյանը։

Ավելի վաղ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանը մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ Շուռնուխում հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանցիները երեխա են առևանգել, նրա նկատմամբ սեռական բռնություն կիրառել, ապա հետ վերադարձրել գյուղ։