Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած, Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող։ Նա այսօր շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Տեղեկացնենք, որ նրա վիրավորումը պարանոցային շրջանում էր։ Մյուս 2 վիրավորվածների՝ Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Քովիդ 19-ով պայմանավորված՝ հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։














