Շուռնուխում «Էլեկտրական հովվի» միջոցով սահմանափակում են կենդանիների տեղաշարժը

31

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ամեն ինչ անում են, որ անգամ անասուններն ադրբեջանական կողմին չանցնեն։ Գյուղում այսուհետ գործելու է «Էլեկտրական հովիվ»-ը՝ կենդանիների տեղաշարժը սահմանափակող էլեկտրական լարեր են անցկացվել սահմանի որոշ հատվածներում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Դրանք իմպուլսային հոսանք են արձակում ու չեն թողնում, որ սահմանված տարածքներից կենդանիները դուրս գան,- ասաց նա՝ նշելով, որ իմպուլսային հոսանքը կենդանիներին վնաս չի տալու։

Նախադեպը վերջերս է եղել։ Բնակիչներից մեկի կենդանիներն  անցել են ադրբեջանական տարածք, որոնց հաջողվել է հետ բերել՝ սահմանապահներին տեղեկացնելուց հետո։

Արշակյանն ասում է, որ էլեկտրական հոսանքները տրամադրել են կառավարությունից՝ կենդանիների տեղաշարժը ժամանակավոր զսպելու համար։

Մինչև երեք կմ տարածք պետք է ծածկվի էլեկտրական հոսանքով, սակայն միայն մի հատվածում են աշխատանքներն ավարտվել, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, մյուս հատվածում աշխատանքները դեռ չեն սկսվել։

Գյուղապետն ասում է, որ չնայած առատ ձյանը՝ գյուղում շատ են ծանրաբեռնված։