Շուռնուխում և Որոտանում ադրբեջանցիները ինտենսիվ շինարարություն են անում․ բուլդոզեր, բենզատարրաներ են բերել․ Աշխարհապետ

108

Շուռնուխում տեղակայված ադրբեջանցիները ինտենսիվ շինարարություն են կատարում՝ բնակիչներն էլ անզեն աչքով դա տեսնում են: Դրա համար հեռադիտակ պետք չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրուցում Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, ով այրել էր տունը՝ թշնամուն չթողնելու համար, պատմել է, որ ադրբեջանցիները ամրապնդվում են երկու մասի բաժանված Շուռնուխում։

«Տեխնիկա են աշխատեցնում՝ բուլդոզեր, ամեն տեսակի բան աշխատացնում են»։

Թե ի՞նչ են ադրբեջանցիներն ուզում կառուցել՝ կոնկրետ չի կարող ասել։ Պարզ դարձավ նաև, որ ադրբեջանցիները Որոտանի տարածքում՝ հենց ճանապարհին ևս աշխատանք են իրականացնում։

«Անմիջապես ճանապարհից երեք կմ հեռավորության վրա շինարարություն կտեսնեք, մեծ չաներ՝ բենզատարրաներ են բերել։ Նախկինում նմանատիպ օբյեկտ է եղել՝ զապրավկա՝ սալյարկի, բենզինի համար։ Ինձ թվում է՝ կամ Որոտանի տարածքում ուզում են լցակայան կառուցեն՝ վառելիքը պահելու համար, կամ էլ ենթադրում ենք, որ հողի տակ որպես բունկեր, բլինդաժ կսարքեն։ Երկու տարբերակն է, բայց առայժմ չի երևում։ Հողային աշխատանք է ու մեծ չաներ են բերել»։

Շուռնուխի տարածքում էլ, այնտեղ, որտեղ 12 հայկական տունը մնաց ադրբեջանական կողմին, շինարարություններ են իրականացնում՝ ամրապնդում պաշտպանական դիրքերը։

«Բավականին մեծ շինարարական աշխատանքներ են անում, տեխնիկա աշխատեցնում, ամրապնդում իրենց դիրքերը, կարծես այս ամեն ինչը ավարտվել է»։