Հայաստանում այսօր չկա ավելի կարևոր խնդիր, քան զինծառայողներին որևէ իրավունքով և արտոնությամբ օժտելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով զինծառայողի բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ նոր նախաձեռնությանը:
Պատգամավորի խոսքով՝ կան զինծառայողներ, որոնք ապրում են վարձով, սակայն վարձակալը չի համաձայնում նոր պայմանագիր կնքել նրանց հետ, ինչի պատճառով զինծառայողները ստիպված են լինում այլ մարդու հետ պայմանագիր կնքել, այն ներկայացնել ՊՆ՝ որպես վարձակալության փաստաթուղթ և դրա հիման վրա ստանալ փոխհատուցում.
«Ստացվում է՝ զինծառայողը փաստացի բնակվում է վարձով, բայց ոչ այն հասցեում, որի համար ներկայացրել է փաստաթուղթ, բայց նրան այսօր դատում են։ Շուրջ 81 զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում միայն այն բանի համար, որ իրենք ապրում են վարձով, սա աբսուրդ է »,-նշեց Թովմասյանը:














