Ռուս խաղաղապահների 2-րդ հոսպիտալը կգործի Մարտակերտում

48

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կբացեն 2-րդ հոսպիտալը՝ այն կգործի Մարտակերտում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Գեներալը նշել է, որ ՌԴ խաղաղապահների և ԿԽՄԿ համատեղ ջանքերով շարունակվում է զոհվածների դիերի որոնումն ու փոխանակումը, գրում է ՏԱՍՍ-ը։

Կոնաշենկովը հավելել է նաև, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել տեղի բնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր։

«ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադառնում տեղի բնակիչները։ Մեկ օրում 1479 մարդ է վերադարձել։ Ընդհանուր առմամբ` ապահովվել է ավելի քան 28,000 փախստականի վերադարձ»,-ասել է նա։

Նշվել է նաև, որ շարունակվում է դիտակետերի կահավորումը, որտեղ տեղադրվում են տեսահեռարձակման շարժական համալիրներ և պաշտպանված տեսակոնֆերանս կապի համակարգեր։ Լաչինի միջանցքում և Տեղ ու Մարտակերտ բնակավայրերի մոտ իրավիճակը հսկվում է «Օրլան-10» անօդաչու սարքերի միջոցով։

Ռուս խաղաղապահները շարունակում են նաև ականազերծման աշխատանքները։