Ռուս խաղաղապահներին կփոխանցվի Արցախի հուշարձանների ամբողջական ցանկը

180

Արցախի մշակույթի նախարարությունն առաջիկա օրերին ռուս խաղաղապահներին կփոխանցի Արցախի պատմական ու մշակութային հուշարձանների ամբողջական ցանկը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը։

Ռուս խաղաղապահներին տեղեկություններ կներկայացվեն նաև Արցախում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների մասին. մասնավորապես, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում է գտնվում Մարշալ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) տուն-թանգարանը, իսկ Շուշիում ՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։ Բացի այդ, գրեթե յուրաքանչյուր գյուղում (ինչպես նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում) կան Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձաններ։

«Մենք տեղյակ չենք, թե հիմա դրանք ինչ վիճակում են, բայց տեսանյութեր ենք հավաքում սոցցանցերից։ Օրինակ` Facebook-ում հրապարակված տեսանյութերից մեկում շիշ են դրել Ավետարանոց գյուղում գտնվող հուշարձանի վրա և սկսել են կրակել։ Բոլոր նման տեսանյութերը մենք հավաքում ենք և՛ խաղաղապահներին, և՛ միջազգային հանրությանը ներկայացնելու համար», – հավելեց Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ Արցախում ընդամենը երկու հազար հուշարձան կա, ընդ որում` մշակույթի նախարարությունը չի տարբերակում դրանք` լինեն մզկիթներ, քրիստոնեական տաճարներ, թե Մեծ Հայրենականին նվիրված հուշարձաններ։

Հուշարձանների ամբողջական ցանկն առաջիկայում կթարգմանվի, իսկ խաղաղապահ կորպուսի հրամանատարական կազմի հետ կքննարկվեն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հուշարձանների պաշտպանության միջոցները։