Ռուսաստանը ռուս խաղաղապահներով եւս 8 Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի գոտի

0

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահներով եւս 8 Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահ օպերացիային մասնակցելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ինքնաթիռներում գտնվում են ավելի քան 10 բարձր անցանելիություն ունեցող բեռնատար մեքենաներ եւ նյութատեխնիկական ապահովության միջոցներ, ինչպես նաեւ խաղաղապահ ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայողներ: Նրանք վայրէջք են կատարել Հայաստանի օդանավակայանում, որտեղից ուղեւորվել են Լեռնային Ղարաբաղ:

Անցած մեկ օրում Իլ-76-ը 20 թռիչք է իրականացրել: Տեղափոխվել է 372 զինծառայող, 53 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա:

Խաղաղապահ օպերացիայի անցկացման սկզբից իրականացվել է 56 չվերթ, տեղափոխվել է 817 զինծառայող եւ 119 միավոր սպառազինություն եւ ռազմատեխնիկա, Ռուսաստանի ՕՏՈւ բանակային ավիացիայի Մի-8 եւ Մի-24 ութ ուղղաթիռ:

Բանակային ավիացիայի անձնակազմը ուսումնական թռիչքներ է իրականացրել եւ պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները:

Խաղաղապահ զորամիավորման երկրորդ գումարտակի ստորաբաժանումները, որոնք ժամանել են այսօր, Էրեբունի օդանավակայանում բեռնաթափումից հետո երեք կիլոմետրանոց շարասյունով ուղեւորվել են դեպի Գորիսի բնակավայրի մոտ գտնվող կենտրոնացման շրջան:

Խաղաղապահ խնդիրների իրականացման, հնարավոր միջադեպերը կանխելու եւ ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար փոխգործակցություն է հաստատվել Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Հաստատվել է ուղիղ կապ:

ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի կողմից իրականացվում է միջոցառումների շարք՝ խնդիրների իրականացման շրջաններում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխումն ու տեղակայումը վերահսկելու համար: