ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է իշխանությունների սիրելի գործարար, նորընտիր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, զինված միջադեպին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են հնչել, որի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Միջադեպի վերաբերյալ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն նշել էր, թե կրակողի ինքնությունն անհայտ է, մինչդեռ մամուլն արձանագրել էր, որ խոսքը գնում է Սուքիասյանի եղբոր մասին։
Պաշտոնական գերատեսչությունները փորձեցին նրան պաշտպանության տակ վերցնել, բայց ի վերջո օրվա վերջ Խաչատուր Սուքիասյանը եւս ստիպված եղավ արձագանքել՝ այդպիսով ընդունելով, որ եղբայրը որոշակի դերակատարություն ունեցել է՝ նշելով, թե կկատարվի օբյեկտիվ քննությունն՝ անկախ մարդու ով լինելուց, ինչից հետո հայտնի դարձավ, որ եղբայրը ձերբակալվել է։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական գործի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, քանի որ տուժողն ԱՄՆ քաղաքացի է ու տեղեկատվություն են ակնկալել ստանալ քննչական մարմիններից։ Հենց դեսպանատան հետաքրքրությունն էլ ստիպել է քննչական կոմիտեին, որն առավոտյան փորձել էր կրակողին ներկայացնել որպես անհայտ անձ, օբյեկտիվ քննության իմիտացիա ստեղծել ու ձերբակալել Գռզոյի եղբորը։