Փոխգնդապետը դիմել է ԱԱԾ-ին. իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել՝ առանց տեղանքին ծանոթացնելու, որ գերի ընկնելու գործոնի շահարկմամբ տարածքներ զիջեն

461
Խծաբերդ

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման օրը 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը պահանջում է, որ իր վերաբերյալ քրեական գործը քննվի ԱԱԾ-ում։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ղազարյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենին՝ հայտնելով, որ չի վստահում ԶՔՀՎ քննչական խմբի աշխատանքներին։ Դիմումի հետ միասին ներկայացվել են նաև փաստող փաստաթղթեր՝ քարտեզներ։ Ղազարյանը նաեւ կասկածներ է հայտնել, որ իրականում Հին-Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում պետք է գտնվեին այլ զորքեր, իսկ իրենց խաբեությամբ, առանց մարտական իրավիճակին ծանոթացնելու, տեղակայել էին այդ գյուղերի հատվածում, որպեսզի իրենք հայտնվեն անելանելի վիճակում, գերի ընկնեին և հնարավոր լիներ հետագայում գերիների գործոնը շահարկելով ՀՀ-ից ինչ- որ տարածքային զիջումներ լինեն, սակայն ՔԿ ԶՔԳՎ-ում այդ ուղղությամբ քննություն չի կատարվել։

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ղազարյանն այս մասին հայտնել է նաեւ ԱԱԾ-ին հասցեագրած դիմումում, նշել, որ զինված հարձակման արդյունքում մարտական դիրքերից նահանջելուց հետո՝ 2020թ դեկտեմբերի 14-ին, գտնվել է Լիսագոր գյուղում, նույն օրը ցերեկը ժամը 12։00- ի սահմաններում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը բջջային հեռախոսը փոխանցել է իրեն, որպեսզի զրուցի գեներալ Դավիդովի հետ։

«Վերջինս իրեն բազմաթիվ հարցեր է տվել նահանջի վերաբերյալ և տեղեկանալով, որ իրենք ՀՀ-ից ժամանած զորք են, զարմացել է քանի որ այդտեղ ՀՀ-ից գնացած զորք չպետք է լիներ։ Այնուհետև հրամանատարությունից իրեն հանդիմանել են, որ գեներալ Դավիդովին հայտնել է ճշմարտությունը։ Դրանից հասկացել է, որ իրականում Հին-Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում պետք է գտնվեին այլ զորքեր, իսկ իրենց խաբեությամբ, առանց մարտական իրավիճակին ծանոթանալու, տեղակայել էին այդ գյուղերի հատվածում, որպեսզի իրենք հայտնվելով անելանելի վիճակում, գերի ընկնեին և հնարավոր լիներ հետագայում գերիների գործոնը շահարկելով ՀՀ-ից ինչ-որ տարածքային զիջումներ ստանալ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ղազարյանը, որպես երկարամյա փորձ ունեցող սպա, դեկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զորքերի տեղաշարժերից այն տպավորությունն է ունեցել, որ նրանց գործողությունները ուղղորդվում են հայկական կողմից։ Փաստաբանի փոխանցմամբ՝ 2020թ դեկտեմբերի 15-ին Ղազարյանն այցելել է Բերձոր զորամիավորման հրամանատար գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարական կետ, վիճել նրա հետ և հարցրել թե դեկտեմբերի 9-ին՝ ադրբեջանական մեծաքանակ զորքերի տեղակայումների և տեղաշարժերի մասին զեկուցելուց հետո, ինչու հրամանատարությունը որևէ միջոց չի ձեռնարկել, որ իրենք հնարավորություն ստանային դիմադրել և պատշաճ պաշտպանվել, ինչու չի տրամադրել զինատեսակներ, անձնակազմ, ինչին ի պատասխան Թևոսյանը նշել է, որ ինքն էլ իր հերթին զեկուցել է վերադասին, ներկայացրել իրավիճակը և իրեն թույլ չեն տվել որևէ գործողություն ձեռնարկել։

Փաստաբանը հայտնեց, որ Ղազարյանի դիմումը և քարտեզները կրկին ուղարկվել են ԶՔԳՎ, որտեղ կրկին այս ուղղությամբ որևէ քննություն չի կատարվում։