Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարելահողերում, ըստ Պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության, շրջափակման մեջ է հայտնվել ոչ թե 5, այլ 2 բնակիչ։ Ըստ ՊՆ-ի, գյուղացիները հատել էին սահմանը՝ հայտնվելով ադրբեջանական տարածքում։
Հետքը գրում է․
Գրել էինք, որ հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարելահողերում ադրբեջանական բանակի ստորաբաժանումը շրջափակել է 5 գյուղացու, վերցրել 3 մեքենա, 2 կոմբայն։ Գյուղացիները գնացել էին իրենց վարելահողերում աշխատանքներ կատարելու, երբ ադրբեջանցիները մոտ 100 հոգանոց խմբով շրջափակել են նրանց։ Բանակցություններից հետո գյուղացիներին բաց են թողել, իսկ առգրավված տեխնիկան՝ վերադարձրել։
«Հետք»-ի թղթակից Հակոբ Պողոսյանը, որ ամբողջ ընթացքում եղել է այնտեղ, ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ շրջափակման մեջ գտնվողները 5-ն են եղել, որոնք իրենց վարելահողերում գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում։ «Սկզբում 2 հոգու են շրջափակել, հետո՝ ևս 3-ին, շփոթված ու մոլորված լինել չէին կարող, քանի որ դրանք իրենց հողերն են»,-նշեց մեր թղթակիցը։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է 2 հոգու մասին։
Պարզաբանում ստանալու համար կապ ենք հաստատել Պաշտպանության նախարարության հետ։ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ, ըստ իրենց տեղեկությունների, որը հաղորդել են այնտեղ գտնվող զինվորականները, շրջափակման մեջ գտնվողները 2 հոգի են եղել։
Նշենք, որ ադրբեջանցիներն այդ տարածքն իրենցն են համարում GPS-յան սահմանազատման արդյունքում, ու միայն երկարատև բանակցություններից հետո են համաձայնել բաց թողնել գյուղացիներին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում














