Պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որեւէ տեսակի զարգացում կամ դեպք․ ՄԻՊ

21
Արման Թաթոյան

Մեր երկրի համար պատասխանատու այս օրերին բոլորիս առավել քան անհրաժեշտ է համախմբվածություն եւ համերաշխություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պետական մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասությանը համապատասխան պարտավոր է սեփական գործողութուններում ու երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունը:

Երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման հրամայականը յուրաքանչյուրիցս պահանջում է  զգոնություն ու առավել մեծ ուշադրություն մեր խոսքի ու վարքագծի հանդեպ՝ հանուն մեր երկրում համերաշխության ու խաղաղության մթնոլորտի ապահովման։ Այս օրերին կարեւոր դեր ունեն հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքն ու պահվածքը՝ ծառայելով որպես համախմբվածության ու համերաշխության օրինակ:

Անկախ քաղաքական կամ որեւէ այլ տեսակի հայացքներից՝ չպետք է թույլ տալ, պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որեւէ տեսակի զարգացում կամ դեպք:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ արտակարգ գրաֆիկով:

Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները մարդու իրավունքների պաշտպանության նպատակով»: