Պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը ձերբակալել են ԳՇ փոխգնդապետի բողոքի պատճառով

314

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին գտնվում են Ռազմական ոստիկանությունում, Գարիկ Գալեյանը ձերբակալվել է քննիչի որոշմամբ՝ ԳՇ գնդապետ Արեգ Մադաթյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և նրան քաշքշելու համար։

«Զոհված զինծառայողների ծնողները երեկ դիմել են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի, իսկ քննիչները Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու փոխարեն ձերբակալում են այն անձանց, որոնք դիմում են Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու համար։ Հետևությունները թողնում եմ Ձեզ։ Ընդ որում՝ իրեն անպատվելու և քաշքշելու համար հանցագործության մասին հաղորդում է տալիս ԳՇ գնդապետը՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, պատկերացնու՞մ եք»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

Ընդ որում, Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ազատության մեջ գտնվող անձին դատարան ներկայացնելու նպատակով, ինչը ենթադրում է, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան։ Քրեական գործի շրջանակներում Գարիկ Գալեյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, սակայն մեղադրանքի որոշմանը պաշտպանության կողմը դեռևս ծանոթ չէ, քննիչը շուտով կմոտենա և կծանոթացնի որոշմանը։ Մինչ մեղադրանքի շուրջ դիրքորոշում հայտնելը, պաշտպանության կողմը պատրաստվում է բացարկ հայտնել ամբողջ ՔԿ ԶՔԳՎ-ին։