Օնիկ Գասպարյանի փաստաբանները պահանջում են ճանաչել Արտակ Դավթյանի նշանակման իրավահարաբերության բացակայությունը

27
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանի փաստաբանական թիմը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով վերադարձրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առ ոչինչ ճանաչելու իրավունքի ուժով ուժի մեջ մտած իր պաշտոնից ազատման հրամանագիրը: ArmDaily.am-ի հետ զրույցում փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ դեռ օր նշանակված չէ։ Գասպարյանի փաստաբանն ասաց, որ այս հայցի վերաբերյալ դատարանը կարող է գրավոր որոշում կայացնի։ Նա տեղեկացրեց, որ վարույթ ընդունված հայցը, որով փաստաբանական թիմը դատարանից խնդրել էր ճանաչել վարչապետի և նախագահի կողմից պարոն Գասպարյանին աշխատանքից ազատման իրավահարաբերության բացակայությունը և հայցի ապահովման միջոց էր կիրառել, այս պահին համալրվում է։ «Հայցը լրացվում է և առաջիկայում լրացումները մուտք կանեն դատարան, որով պահանջում են ճանաչել նաև Արտակ Դավթյանի նշանակման իրավահարաբերության բացակայությունը՝ պահանջելով նաև այս մասով հայցի ապահովում կիրառել»։

Նա նշեց, որ այս մասով ևս նիստ դեռ չի եղել, միայն քննվել է դատավորի ինքնաբացարկը, որը մերժվել է արտադատական կարգով։ «Միաժամանակ պատասխանող կողմը պահանջել է, որ հայցի ապահովումը վերցվի, այս միջնորդությունը պետք է քննվի ապրիլի 2-ին, բայց կարծում եմ այն կհետաձգվի, քանի որ ներկայացուցիչները հիվանդ են։ Անդրադառնալով դատախազությանը ներկայացված հանցագործության վերաբերյալ հաղորդմանը՝ նա նշեց, որ եթե այս մասով օբյեկտիվ շարժվենք, բնականաբար պաշտոնական դիրքի չարաշահումն ակնհայտ է։