«Օդը փակել» որևէ առանձին վերցված զինատեսակով սկզբունքորեն հնարավոր չէ

0

Razm.info-ի  ֆեյսբուքյան էջ գրում է․

«Այսօր առավել հաճախ քննարկվողներից է, այսպես կոչված, «օդը փակելու» հարցը։ Այս բառակապակցությունը գործածողներից շատերին թվում է, թե գոյություն ունի ինչ-որ կոնկրետ զինատեսակ, որը կգնենք ու վերջ, «օդը կփակվի», թշնամու ինքնաթիռներն ու անօդաչուներն այլևս օդ բարձրանալ չեն կարողանա։
Ավելին, մեր ընթերցողներից ոմանք չգիտես ինչու հենց Ռազմ․ինֆոյին են դիմում, թե․ «Պանցիր առեք», «բա խի՞ չեք Ս-400 առնում» ևն։
Փորձենք հնարավորինս սեղմ անդրադառնալ այս հարցին։
«Օդը փակել» որևէ առանձին վերցված զինատեսակով սկզբունքորեն հնարավոր չէ։ Անգամ ամենահզոր ու արդիական ՀՕՊ համակարգը առանձին վերցրած խոցելի է։ Առհասարակ այս հարցում ունիվերսալ «դեղամիջոց» չկա։ Օդում գերակայության համար հաջող պայքարը բազմաշերտ է ու ենթադրում է որոշակի ջանքեր անխտիր բոլոր զորատեսակներից ու ստորաբաժանումներից։
Այն ենթադրում է․
1․ Գետնի վրա գրագետ քողարկում;
2․ Կեղծ թիրախների մասսայական օգտագործում;
3․ Օդային իրադրության մշտադիտարկում, այդ թվում՝ տեխնիկական միջոցներով;
4․ Տեղաշարժերի ժամանակ շարասյուների, ինչպես նաև մարտակարգերի այնպիսի ընտրություն, որը կնվազեցնի կորուստներն օդային հարվածների դեպքում;
5․ Տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցներ (սկսած զենիթային գնդացիրներից ու դյուրակիր ԶՀՀ-ներից, վերջացրած մոբիլ ու ստացիոնար ՀՕՊ խոշոր համալիրներով);
6․ Ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) տարբեր միջոցներ;
7․ Թշնամու ավիաբազաների, ինչպես նաև ԱԹՍ-ների կառավարման կետերի օպերատիվ հայտնաբերում ու ոչնչացում հրետանային, հրթիռահրետանային կամ ավիացիոն միջոցներով;
8․ … և, իհարկե, կործանիչ ավիացիա։
Սա իրականում դեռ ամբողջական ցանկը չէ, բնականբար։
Էականն այն է, որ ինչպես տեսնում եք, այստեղ մեծ ծավալի ու ներդաշնակված աշխատանք կա անելու ամբողջ բանակի կողմից։
Սա, անշուշտ, չի նշանակում, թե ՀՕՊ միջոցներով բանակը պետք չի համալրել։ Իհարկե, պետք է, բայց ՀՕՊ միջոցներից բացի մյուս քայլերն էլ են անհրաժեշտ։ Այդ քայլերի մի մասը նվազեցնում է թշնամու օդուժի արդյունավետությունը, մյուսները հնարավորություն են տալիս վաղաժամ հայտնաբերել և, իհարկե, նաև ոչնչացնել հակառակորդի օդային միջոցները»։

Գրառումը՝