Օդանավը 2346 կմ-ն անցել է առանց տարանցիկ երկրների պարտադիր թույլտվությունների՞. Հակոբ Ճաղարյան

45
Հակոբ Ճաղարյան

Կարդացի Fly Armenia Airways ավիաընկերության տեղեկատվությունը, համաձայն որի իրենց օդանավը Տալլինից թռիչք է կատարել Կիև-ի Հոստոմել օդանավակայան, տեխնիկական սպասարկում կատարելու, և անհայտ պատճառներով հայտնվել է Թեհրանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:

Ճաղարյանը ներկայացրել է Կիևի և Թեհրանի միջև ընկած հեռավորությունը՝ըստ travelmath մասնագիտական ծրագրի, և հավելել, որ ուղիղ գծով այն կազմում է 2346 կմ:

«Ոչ ավել, ոչ պակաս: Եվ թռիչքային ժամանակը կազմում է 3 ժամ և 25 րոպե: Ուղիղ գծով:

Եվ այդ տարածությունը, ըստ ավիաընկերության, օդանավն անցել է առանց տարանցիկ երկրների պարտադիր թույլտվությունների՞, առանց նախորոք հայտարարագրված թռիչքային պլանի՞:

Ավելացնեմ, որ Կիևի Հոստոմել օդանավակայանը հանդիսանում է «Անտոնով»  ֆիրմայի թռիչքային-փորձարարական կենտրոնը, որը չի սպասարկում Բոինգ տիպի օդանավեր:

Հենց նոր հեռախոսազրույց եմ ունեցել «Անտոնով» կոնցեռնի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրա տեղեկություններով, համենայն դեպս, Բոինգ օդանավի սպասարկում օդանավակայանում չի կատարվում:

Ու Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնո՞ւմ»…»,- գրել է Ճաղարյանը: