Գերիների և անհայտ կորածների հարազատները ԱԱԾ շենքի մոտ են և պահանջում են որոշակի տեղեկատվություն տրամադրել իրենց զավակների ճակատագրի վերաբերյալ։
Հավաքված ծնողները պատմում են, որ 10-11 ամիս է՝ անընդհատ դիմում են բոլոր կառույցներին, հանդիպել են նաև Նիկոլ Փաշինյանի հետ, բայց լսում են միայն համբերությամբ զինվելու հորդոր, ոչ մի կառույցից ոչ մի գործանական քայլ չեն տեսել։
«Վերջին տվյալներով հայտարարում են, որ ունենք 244 անհայտ կորածներ, մենք դրան էլ չենք հավատում արդեն։ Ոչ մի թվի չենք հավատում։ Մենք այլևս համբերություն չունենք, որովհետև բոլոր կառույցներում պտտվել ենք, մեր խնդրանքներին ի պատասխան՝ նորմալ աշխատանք չի կատարվում։ Այսօր ոչ ոքի պետքը չէ, որ ունենք զոհված երեխաներ։ Մարմինները տեսնում ենք, և այդ մարմիններն իրենք չեն բերում»,- ասաց հավաքված ծնողներից մեկը։
Անհայտ կորած զինծառայողի ծնողն էլ դրվագ պատմեց Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից։
«Երբ ես վերջին անգամ հանդիպեցի, վարչապետը զարմանալի հայտարարություն արեց. ասաց, որ հնարավոր է, որ մեր երեխաներն Ադրբեջանում գերեվարված լինեն, բայց որ չեն տալիս, ես ի՞նչ անեմ։ Ես հարցնում եմ իրենց, ասում եմ՝ գերիներ ունե՞նք, ասում են՝ չէ։ Հետո օրինակ բերեց գրիչը։ «Գրիչը գրպանում է, ասում եմ՝ տուր, ասում են՝ գրիչ չունեն»։ Ես հարցրեցի․ «Եվ ի՞նչ»։ «Եվ վերջ»։ Վարչապետի պատասխանն է»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։














