Ներքին Հանդում ականների վրա անասուններ են պայթել

137

Ուրբաթ՝ կեսօրին Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ սահմանամերձ գյուղի տարածքում ականների վրա անասուններ են պայթել։  Այս մասին Aravot.am-ին ասաց Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը։

«Իմ եւ գյուղի բնակիչ  Համլետ Հարությունյանի կովերն են վնասվել։ Ընդհանուր 7 հատ է եղել, 4-ը թփերի մեջ են եղել, չեն երեւում։ Երեք անասուն  ոտները կտրած՝ նույն  տարածքում ընկած են»,-ասաց Բաղդասարյանը։

Վերջինս խոսքով` այդ տարածքը ուղիղ հայկական դիրքի դիմաց է եւ  անվտանգության հարցերից ելնելով՝ հայկական կողմն է  ականապատել։

«Չեմ կարծում դիտավորություն լինի, ինչ-որ մեկը քշած լինի տեղ։ Անասուն է՝ գնացել է»,-նշեց Բաղդասարյանը։ Առաջին անգամ չէ, որ ականի պայթյունի հետեւանքով անասուններ են վնասվում։

«Այս նույն տարածքում ամիսներ առաջ երկու խոզ եւ մեկ կով են պայթել»,-ասաց վարչական ղեկավարը՝ ավելացնելով, որ փոխհատուցման համար դիմել են Սյունիքի մարզպետարան։