Նախապես հարթել են ճանապարհը՝ ապահովելով Ադրբեջանի ԶՈւ-ի առաջխաղացումը. Արցախի դատախազությունում քրգործ է հարուցվել

79

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, ԱՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ գործը հարուցվել է փետրվարի 15-ին ներկայացված հաղորդման հիման վրա։

«Քրգործով միջոցներ են ձեռնարկվում պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը և ճանապարհը հստակեցնելու, մարտական գործողություններին ներգրավված ՊԲ զինծառայողներին ու աշխարհազորայիններին, նրանց հրամանատարական կազմը ճշտելու, վերոհիշյալ անձանց մարտական դիրքերը թողնելու հրաման տալու ուղղությամբ: Նախաքննական մարմինը սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին, որոնք ստանալուց հետո կկատարվեն մի շարք հարցաքննություններ»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Հարուցված քրգործը նախաքննության համար ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե։

Միաժամանակ նշվում է, որ Արցախի իրավապահ մարմինները գործում են ծանրաբեռնվածության պայմաններում (2020թ. կատարված հանցագործությունների կապակցությամբ մինչդատական քրեական վարույթն իրականացվում է 2021թ.), որի պատճառով քրգործերով նախաքննությունը որոշակիորեն դանդաղ է ընթանում: