Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 2-ին ՌԴ-ում կմեկնարկեն եռակողմ բանակցությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Խծաբերդից գերեվարված շիրակցի զինծառայողների վերադարձի հարցերով զբաղվող Բորիս Ավագյանը։
«Վաղը լինելու են եռակողմ բանակցություններ ՌԴ ՊՆ-ում, որին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության նախարարության և ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, նաև գեներալ Մուրադովը։ Այդ բանակցություններից հետո հնարավոր կլինի տալ գնահատականներ, թե իրավիճակն ինչպես է ընթանում։ Խծաբերդից գերեվարվածների հարցը ընդհանուր ծրագրի մեջ է»։
Ավագյանը հույս է հայտնել, որ հանդիպումից հետո գերիների վերադարձի գործընթացը կարագանա՝ նշելով, որ մեծ հույսեր ունի հատկապես ՌԴ աջակցության վրա։
Ըստ նրա՝ վաղը կայանալիք բանակցություններում կքննարկվի նաև ՀՀ տարածքից գերեվարված վեց զինծառայողի վերադարձի հարցը, պահանջներից մեկը լինելու է, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ։
Ավագյանը նշեց, որ տղաների մասին տեղեկություններ են ստացվել, հայտնի է նաև նրանց գտնվելու վայրը՝ զինծառայողները պահվում են Բաքվում։











