ՄԻԵԴ-ը Ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ

4
ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին հետեւել միջազգային այն նորմերին, որոնք վերաբերում են գերիներին։

Խոսքը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության ներկայիս թեժացման ընթացքում գերի վերցված անձանց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՄԻԵԴ տարածած հայտարարությունը։

Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ բազմաթիվ դիմումներ է ստացել կոնկրետ գերիների մասով, ինչպես ազգականներից, այնպես էլ իշխանություններից։ Դատարանը խնդրել է երկու երկրների իշխանություններին տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե արդյոք այդ անձինք իրոք գերի են վերցված։ Եթե դա այդպես է, ապա դատարանը խնդրել է ներկայացնել, թե ինչ պայմաններում են նրանք պահվում, արդյոք նրանց հասանելի է առողջապահական ծառայությունը։ Միաժամանակ դատարանը հիշեցրել է, որ զինված հակամարտությունների ընթացքում գերեվարված անձանց հետ կապված առկա են միջազգային օրենքներ եւ մեխանիզմներ եւ պետք է կողմերը պահպանեն դրանք։ ՄԻԵԴ-ը նոր որոշումներ չի պլանավորում կայացնել՝ Ղարաբաղյան հակամարտության հետ առնչված գերիների համար միջոցների ապահովման մասով։