Երեկ «Հրապարակ» օրաթերթը ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը հարցում է ուղարկել, թե ի՞նչ թվով քաղաքացի է Հայաստանից գնացել 2021 թվականի փետրվար ամսին և հիմնականում ո՞ր երկրներ, ի՞նչ թվով ՀՀ քաղաքացի է մտել Հայաստան նույն թվականի փետրվարին։ Բացի այդ, խնդրել էինք տրամադրել 2018 և 2019 թվականների փետրվար ամսվա տվյաները։
Ի պատասխան հայտնել են, որ 2021-ի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58,297 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով 2021-ի փետրվար ամսին Հայաստան է ժամանել 31,901 քաղաքացի (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։
Մեկնածների և ժամանածների միջև թվային տարբերությունը 26,396 է, ստացվում է, որ 26,396-ը հետ չեն վերադարձել, որի չնչին մասն են կարող կազմել այլազգիները կամ այլ երկրի քաղաքացիները, քանի որ կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջությունը նույնպես կանգ է առել։ Տնտեսական տեսանկյունից ամենամեծ վնաս կրած ոլորտներից մեկը զբոսաշրջությունը, ռեստորանային, հյուրանոցային բիզնեսներն են։