Մի ծնողի տվել են զավակի երկու ոտքը, մեկ ձեռքը՝ հուղարկավորելու համար. Եթե վրիպեցին, ամբողջ Եռաբլուրը կխառնվի իրար, արտաշիրիմում կարվի. Ծնողները զգուշացնում են․ Փաստինֆո

101

Զանգելանի հատվածից դուրս բերված զինծառայողների մարմինները դեռ չեն ճանաչվել։ Հարազատները ԴՆԹ-փորձաքննության պատասխանների են սպասում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։ Ծնողները մտավախություն ունեն, որ աճյունների ԴՆԹ փորձաքննությունների արդյունքները կարող են շփոթեցնող լինել, ճիշտ այնպես, ինչպես իրենց զավակներին շփոթմունքով տարան Զանգելան։

«Դիմել ենք առողջապահության նախարարությանը՝ եթե շփոթմունք տեղի ունեցավ ու ես փաստեր ունեցա, որ շփոթմունք է տեղի ունեցել, հաստատ բոլոր անալիզները մի քանի ուղիներով կտանեմ տարբեր պետություններ՝ փորձաքննության, կամ ինքս ապարատ կբերեմ Հայաստան ու կփորձեմ համոզվել։ Եթե իրենք վրիպեցին, ուրեմն հաստատ համոզված եղեք, որ ամբողջ Եռաբլուրը կխառնվի իրար, բոլորը կանեն արտաշիրիմում, բոլորը կրկնակի ԴՆԹ փորձանմուշ կհանձնեն»,-ասաց զինվորի մայրը՝ ավելացնելով. «Ես ասել եմ՝ չմտածեք, որ մենք կրակ ենք ու կարող եք հանգցնել, դուք մտածեք, որ հրաբուխ ենք՝ երբեք չենք հանգչելու։ Իմ հետ խաղ թող չանեն, իսկ եթե իրենց թվում է, որ մեր բերանները փակելու համար մեզ էլ կասեն, որ պատասխանը եկել է, չարաչար սխալվում են»։

Էջմիածնի N զորամասի 34 անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները 3 ամսից ավելի որեւէ տեղեկություն չունեին իրենց զավակների մասին, որոնք անհետ կորել էին Զանգելանի տարածքում։ Հունվարին Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հողի տակ թաքցված տղաների մարմիններ՝ այրված, որոնք պարկերով տեղափոխվել են Երեւան։

Ծնողները դեռ սպասում են ԴՆԹ-ի պատասխաններին, եւ ինչպես նշեց մեր զրուցակիցը, եղել է նույնիսկ դեպք, որ նույնականացման համար զանգահարել են զավակին վաղուց հուղարկավորած մայրերից մեկին։

«Չգիտենք ինչի, մեր բերած համարակալած տոպրակների մեջ հայտնվում է նույնականացման ենթակա մարմին, որին ծնողը հուղարկավորել է հոկտեմբերի 23-ին՝ բաց դագաղով։ Ու հիմա կնոջը 4-5 անգամ զանգահարում են, որ նույնականացում ունի։ Կինը մեզ բացատրում է, որ այնպես չէ, որ երեխայի մարմնի մասերը չեն եղել, դագաղը բաց է եղել, ամբողջովին երեխան իր դիմաց դրված է եղել։ Կամ թող ճիշտ անեն, կամ էլ իրեն չզանգահարեն»։

Հարազատները կասկածներ ունեն, որ իրենց դուրս բերած մարմինների անվան տակ այլ զինծառայողների նույնականացումներ են անում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախորդ շաբաթ նշել էր, որ օրական 30 մարմնի նույնականացման փորձաքննություն է իրականացվում, և հույս ունեն հնարավորինս արագ տեմպերով առաջ շարժվել։ Զինծառայողի մայրը նշեց, որ նախարարի նշած տեմպերով դուրս բերված աճյունների նույնականացումը վաղուց պետք է ավարտված լիներ, այնինչ իրենք 20 օրից ավելի է սպասում են։ Զինծառայողների մարմինները դուրս են բերել ու հենց տեղում ծնողների ներկայությամբ կոդավորվել են։

«Մեր բերած 14 պարկերից մասունքները առանձնացրել են, եղել է 57։ Մենք արդեն փետրվարի երկուսից ասել ենք, որ 57-ը առաջնային դնեն, որ ամբողջ խմբինը միանգամից պարզ լինի։ Հիմա եթե 30 նույնականացում են անում ըստ նախարարի՝ բա ո՞նց է լինում, որ 20 օրվա մեջ ոչինչ չեն արել։ Ընդամենը երկու պարտիայով պետք է դրվեր, որ մեր քիմիկների հարցը լուծվեր։ Այսօր 22 ն է, մենք դեռ պատասխան չունենք։ Մի հոգու ասացին երկու ոտքն է, մի ձեռքը, տվեցին հուղարկավորություն արեցին, մնացած մասունքը չկա»։