Մեղավորների բուրգի գագաթնակետում գտնվում է Ջալալ Հարությունյանը՝ իր սխալ տեղեկատվությամբ․ Ցորի հրետանային դիվիզիայի զոհված զինվորների ծնողներ

186
Ջալալ Հարությունյան

Ցորի զորամասի հրետանային դիվիզիայի կազմում պատերազմին մասնակցած զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանի գլխավորությամբ, նոր մանրամասներ են ներկայացրել 44-օրյա պատերազմի օրերից։

Նշենք, որ այս գործով դիվիզիոնի շտաբի պետ մայոր Գևոր Գևորգյանը ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

«Հոկտեմբերի 12-ին դիվիզիոն դիտակետը մատույցներում դիտարկում է ինչ-որ խմբի շարժ՝ դեպի իրենց կողմը, ինչի մասին անմիջապես զեկուցում են՝ ցանկանալով ճշտել պատկանելիությունը, թե ովքեր են առաջացողները։Այդ ժամանակաշրջանում այնպիսի խառնաշփոթ էր, հակասական տեղեկատվություններ էր տարածվում մեր զորքերի, հակառակորդի զորքերի տեղակայման վերաբերյալ, որ հստակ տարանջատել, թե ովքեր են՝ հնարավոր չէր։ Այդ ընթացքում, մինչև խորացված հրամանատարական կետից պատասխան գալը, դիվիզիոնի հրամանատարը չի սպասում պատասխանին և հրամայում է կրակային դիրքերին՝ թողնել կրակային դիրքը։ Այդ հրամանը ստանալով համապատասպան գործողություններ են իրականացնում՝ կրակային դիրքը թողնելու համար, հասցնում են դուրս բերել զինամթերքի կրման մեքենաները։ Այդ ընթացքում խորացված հրամանատարական կետից գալիս է հետևյալը՝ «մերոնք են, նայեք չկրակեք»։ Դիվիզիոնի հրամանատարը խիստ կասկածում է, նորից պահանջում է հրետանու պետից ևս մեկ անգամ ճշտել, ստանում են նույն պատասխանը։ Մեզ Գենադի Բաղդասարյանն է հայտնել, որ տեղեկությունը ստանալով, զեկուցել է Ջալալ Հարությունյանին, որն ասել է՝ «մերոնք են, չկրակեք», ինչը փոխանցվել է հրամանատարական կետ, ապա՝ դիվիզիոնի հրամանատարությանը։

Դիվիզիոնի հրամանատարությունն արդեն երկրորդ անգամ լսելով, որ դրանք յուրայիններն են, թուլացնում են իրենց հսկողությունը՝ առաջ եկող խմբի նկատմամբ, չեն կրակում, ավելին՝ դիվիզիոնը պատրաստվում էր դուրս գալ կրակային դիրքից և չեղյալ համարեցին կրակային դիրքը թողնելու մասին հրամանը։

Մենք գիտենք, թե ով ինչի համար է պատասխանատվություն կրում և ով ինչ պարտականություն ուներ և չի կատարել։Գևորգ Գևորգյանը փախուստի է դիմել և նույնիսկ 1 զինծառայող չի հասցրել նստել իր մեքենան և դուրս գալ։

Այո, Գևորգ Գևորգյանն իր մեղավորություններն ունի, բայց միակ մեղավորն ինքը չէ, կա մեղավորների բուրգ, որի գագաթնակետում գտնվում է Ջալալ Հարությունյանը՝ իր սխալ տեղեկատվությամբ»,- ասաց ծնողը։

=