Մեր տարածքի ժողովուրդը պետք է հասկանա, որ մեր հայրենակիցը, ցավոք սրտի, դավաճան է․ Իջևանցի ցուցարար

103

Այսօր կեսօրից հետո մոտ 50 իջևանցի փակել էին քաղաքի կենտրոնական փողոցը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փողոց փակած տղամարդկանից Սևադա Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գործողությունները մի քանի օր առաջ են սկսվել, բայց սկզբում խաղաղ երթով գնացել են Իջևանի ազատամարտիկների պուրակ:

«Մեր ազատամարտիկների հուշարձանում ծաղիկներ ենք դրել, հետո գնացել ենք եկեղեցի մոմ ենք վառել ու դրանից հետո նոր որոշեցինք քաղաքացիական անհնազանդության նաև այս ձևաչափը կիրառել: Այսօր միակ ակտուալ և օրհասական պահանջը՝ «վարչապետի» հրաժարականն է: Սա նաև իրազեկման ակցիա էր, որ մեր տարածքի ժողովուրդն էլ հասկանա, որ մեր հայրենակիցը, ցավոք սրտի, դավաճան է»,- ասաց իջևանցի տղամարդը:

Քաղաքացին մեզ հետ զրույցում նշեց, որ ակցիայի ընթացքում իրենց նկատմամբ բռնի ուժ կիրառած քաղաքացիական հագուստով տղամարդիկ ներկայացել են՝ որպես ոստիկաններ: